ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար կհատկացնի` հոգալու տեղահանվածների կարիքները
Նմանատիպ
ԱՄՆ կառավարությունը 11,5 մլն դոլար կհատկացնի` հոգալու ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները։ Գորիսում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը։
«Այս միջոցներով կապահովվի սննդամթերքից մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն` հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են ԼՂ բռնի տեղահանված հայերը։ Այս աջակցությունը կուղվի նաև ընտանիքների վերամիավորմանը։ Նաև` առանց ծնողների մեծ թվով երեխաներ են եկել ԼՂ-ից և պետք է ամեն ինչ անել, որ նրանք արագ գտնեն իրենց ծնողներին»,- նշել է նա։
Սամանտա Փաուերը շեշտել է` երբ վերադառնա ԱՄՆ ու ներկայացնի այն պատմություները, որոնք լսել է ականատեսներից, այդ ամենն օգնելու է, որպեսզի նախագահ Բայդենն ու վարչակազմը կարողանան ընտրել աջակցության դիտարկվող տարբերակներից այն, որը կկիրառվի։
Նա ընդգծել է, որ այս պահին ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ է քննարկվում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենն իր խոսքում նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից վերջին օրերի ռազմական գործողությունները ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակը էլ ավելի վատթարացրին։ Փաուերը հայտնել է, որ իրենք շատ անհանգստանող տեղեկություններ են ստացել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարվածների մասին։
Ըստ նրա` այս պահին բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի միջազգային մարդասիրական կազմակերպությունները մուտք ունենան ԼՂ-ի բնակավայրեր, նաև` հենց տեղում աջակցեն ԼՂ-ի հայերին։
«Նախագահ Բայդենի հանձնարարությամբ ես այստեղ եմ եկել` զրուցելու պետական մարմինների, ՀԿ-ների, քաղաքացիական անձանց հետ, որոնք ԼՂ-ից դուրս են գալիս։ Ուղղակի ծանր է տեսնել ու լսել, թե ինչի միջով են անցնում այս մարդիկ։ Շատերը հեռացել են իրենց տներից հրետակոծության ներքո։ Շատերի մոտ թերսնում է։ Կարծում եմ` բոլորդ տեսնում եք այն տրավման, այն հոգնածությունը, որ ունեն այս մարդիկ։ Ես նաև հանդիպեցի մարդկանց, որոնք չգիտեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները»,- ասել է Փաուերը։
Ամերիկացի պաշտոնյայի համոզմամբ` Ադրբեջանի իշխանություններն անմիջապես պետք է կազմակերպեն վիրավոր քաղաքացիների տարհանումը ԼՂ-ից։
Սամանտա Փաուերը տեղեկացրել է, որ տեղահանվածներից շատերից լսել է, որ կուզեին վերադառնալ իրենց տուն, այցելել իրենց հարզատների գերեզմաններ։
«Այս տեղաշարժի ազատությունը կարևոր է ու անհրաժեշտ»,– ընդգծել է նա։
Փաուերը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կլինի ՀՀ կառավարության ու քաղաքացիների կողքին, որոնք ջերմորեն ընդունում են ԼՂ-ից եկածներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում