Բռնի տեղահանվածների թիվը աճում է, կեցության խնդիրը՝ նույնպես

Բռնի տեղահանվածների թիվը աճում է, կեցության խնդիրը՝ նույնպես

Ժամը 10-ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանել։ ՀՀ կառավարության նիստում տեղեկությունը հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Այս գիշեր բռնի տեղահանվածների թիվը աճել է։ Միայն սեպտեմբերի 26–ին ժամանել է 22800 մարդ, սեպտեմբերի 27-ին` 26000, իսկ կեսգիշերից մինչև այսօր առավոտյան ժամը 6-ը` 8100։ Ժամանումների ինտենսիվությունը շատ բարձր է»,- նշել է փոխվարչապետը։

Ըստ նրա` օթևան է ստացել մոտ 10967 քաղաքացի։ Օթևանների բաշխվածությունը, փոխվարչապետի խոսքով, գրեթե նույնն է, միայն մի փոքր շատ են եղել Կոտայքում, Սյունիքում։

«Մարդկանց մեծ հոսքով պայմանավորված` գուցե ոչ բոլորին են առաջարկվում այն պայմանները, որոնք նրանց կբավարարեն։ Մենք հայցում ենք նրանց բոլորի ներողամտությունը։ Կոչ ենք անում ընդունել տրված հնարավորությունը, իսկ առաջիկայում աջակցության գործիքներով կգտնենք այն պայմանները, որոնք նրանց առավել հարմար կլինեն»,- հայտարարել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ նախատեսում են հավելյալ տրանսպորտային միջոցներ ուղարկել Հակարիի կամուրջ` մարդկանց տեղաշարժն առավել արագ ապահովելու համար, սակայն հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց միջինում 30-35 ժամ է ճանապարհին լինում` այդ պատճառով սպասում են, որ մի քիչ թեթևանա ճանապարհը։

Ինչ վերաբերում է տարբեր մարդկանց և կառույցների կողմից ֆինանսական նվիրատվություններին, ապա ՀՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ գանձապետական նվիրատվության հաշիվ է բացվելու, որի մասին նախապես նորից կհայտարարեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում