ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել Հռոմի ստատուտի վավերացմանը
Նմանատիպ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Նախագծի զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ վավերացման գործընթացը վերաիմաստավորվում է նաև այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվում են մեր հայրենակիցները։
«Այս բռնի տեղահանումը ևս, կարծում ենք, կանոնադրության իրավազորության ենթակա հանցագործությունների շարքին է դասվում` որպես մարդկայնության հետ ուղղված հանցագործություն։ Սա ևս մեկ անգամ վերաիմաստավորում և հիմնավորում է այս գործընթացը նախաձեռնելու անհրաժեշտությունը»,- ասել է Կիրակոսյանը։
Նրա բացատրել է, թե ինչու է կառավարությունն առաջարկել կանոնադրության վավերացումից բացի հետադարձորեն ճանաչել դատարանի իրավազորությունը` սկսած 2021թ. մայիսի 10-ից։ Այդ ժամանակահատվածից Ադրբեջանի զինված ստորաբաժանումները սկսել են ներխուժել ՀՀ սուվերեն տարածք, եղել են գերեվարումներ, մարդու իրավունքների այլ խախտումներ։
Կիրակոսյանի կարծիքով` կանոնադրության վավերացումը կարող է նաև որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտում։
«Օրինակ` կարող են լինել երկրներ, որոնք այս հանգամանքը կկարևորեն տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակի առևտրի դեպքում։ Կանոնադրության վավերացումը կարող է երկրորդային էֆեկտ ունենալ»,- ընդգծել է Կիրակոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում