Արցախից բռնի տեղահանվածները կստանան հատկացումներ
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է Արցախի գործընկերների հետ` համակարգելու բոլոր բռնի տեղահանված թոշակառուների, նպաստառուների հատկացումները։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հատարարել է նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Կան տեխնիկական խնդիրներ` սկսած այդ բազաներին տիրապետելու, տվյալները հավաքագրելու առումով։ Ոչ միայն թոշակները, այլև ծերության, երեխայի խնամքի նպաստների հարցերը կան, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում այս մասին առավել հստակ կարող ենք տեղեկատվություն ունենալ»,– հայտարարել է նախարարը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում բոլոր բռնի տեղահանվածների նույնականացման հետ կապված ամբողջ ճշտգրտված տեղեկատվությունը պատրաստ կլինի։
«Եթե այսօրվա դրությամբ նույնականացված տվյալները վերաբերում են բռնի տեղահանված անձանց միայն երկու երրորդին, ապա կարծում ենք, որ մեկ շաբաթ անց կտիրապետենք ամբողջ ինֆորմացիային»,– նշել է Խաչատրյանը։
Փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ կլինեն ֆինանսական աջակցության տարբեր գործիքներ, որոնք միգուցե թոշակ կամ նպաստ չկոչվեն, սակայն շահառու յուրաքանչյուր խմբի հասցեական կարիքներին համապատասխան կլինեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում