ՀՀ-ն ՌԴ-ին Հռոմի ստատուտի վերաբերյալ երկկողմ համաձայնագրի առաջարկ է արել
Նմանատիպ
Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք ՌԴ-ին առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը նաև հնարավորություններ է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն մտահոգությունների համար, որոնք որոշ գործընկերներ կարող են ունենալ»,- նշել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով` եթե անգամ ռուսական կողմը չցանկանա ստորագրել այդ համաձայնագիրը, ապա, միևնույնն է, անիմաստ է խոսել ՌԴ նախագահի` Հայաստան այցելելու դեպքում հնարավոր ձերբակալության մասին։
«Գործող նախագահները, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով»,- ասել է Կիրակոսյանը։
Ինչպես նաև, հայտնել է, որ դեռ ամիսներ առաջ` ապրիլին, ռուս գործընկերներին համապատասխան առաջարկն արվել է, համաձայնագրի տեքստն ուղարկվել է, սպասում են պատասխանին։
«Եթե անգամ խնդիրներ կան, լուծումներ էլ կան»,- շեշտել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հետևեք մեզ նաև Telegram-ում