Հայ առաքելական եկեղեցին դիմել է միջազգային կառույցներին
Նմանատիպ
Հայ առաքելական եկեղեցին դիմել է միջազգային կառույցներին՝ կոչ անելով մասնագետների խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ հայկական պատմական ժառանգություն ունեցող վայրեր՝ առկա իրողությունները փաստագրելու նպատակով։
ԼՂՀ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի ղեկավար Գարեգին վարդապետ Համբարձումյանը վստահ է, որ անհրաժեշտ է պատմական ժառանգության անկախ մոնիտորինգ։
Նա ղարաբաղյան Չարեքթար գյուղի 13-րդ դարի վանական համալիրի գնդակոծումը համարում է հայի ոգին կոտրելուն և հայ ժողովրդի հոգևոր փորձառությունների մեծացմանն ուղղված հերթական քայլը։ Ուստի կարևոր է արձանագրել հայկական հուշարձանների ներկա վիճակը՝ Ադրբեջանի կողմից դրանց ոչնչացումն ու պղծումը կանխելու համար։
«Ինձ թվում է, որ ցանկացած հայի համար ողբերգություն է տեսնել, թե ինչպես է մեր հինավուրց վանքերից մեկը հայտնվում նման վիճակում»,- նշել է վարդապետ Համբարձումյանը։
Նա շեշտում է՝ Ադրբեջանը կանգ չի առնի որքան էլ խոսենք խաղաղության մասին։ Իրականում Բաքվի գործողությունները հակառակի մասին են վկայում, իսկ «մենք չենք կարող կոնսենսուսի գալ մի երկրի հետ, որը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը»,- ասել է նա։
Աղթամար (Թուրքիա) կղզու Սուրբ Խաչ վանքի օրինակով հայ հոգևորականներն ու ուխտավորները պետք է հնարավորություն ունենան ազատորեն այցելելու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական սրբավայրերը՝ Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք և այլն։
Գրասենյակի տնօրենն ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր իրենք միջազգային հանրությանը դիմել են համապատասխան քայլեր ձեռնարկելու պահանջներով, խնդրանքներով և կոչերով, ու շարունակում են դա անել։ Այս քայլերը հիմնականում ներառում են անկախ մոնիտորինգ:
Սակայն Հայ առաքելական եկեղեցու կոչերին նրանք արձագանքում են նույն կերպ, ինչպես արձագանքում են հազարավոր ղարաբաղցիների ճակատագրին՝ բարոյական աջակցություն, դատապարտում, բայց առանց արդյունավետ քայլերի։
Հոգևորականը գոնե ուրախ է, որ միջազգային կառույցների կողմից ժառանգության ինքնության հետ կապված տարաձայնություններ չկան։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ջանք չի խնայում հայկական մշակութային հարստությունը որպես ալբանական ներկայացնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում