ՀՀ ԱԺ-ում  քննարկվում է Հռոմի ստատուտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ-ում  քննարկվում է Հռոմի ստատուտի ընդունման անհրաժեշտությունը

Ադրբեջանի լայնածավալ հարձակումներից հետո անհրաժեշտություն առաջացավ անպայման վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը, որը ավելի հայտնի է որպես Հռոմի ստատուտ։ Այսօր ՀՀ ԱԺ–ում ընթացքող նիստի ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա հիշեցրել է, որ կանոնադրությունը 1999 թվականից հետո երկու անգամ լայնածավալ փոփոխությունների է ենթարկվել, և այժմ Հռոմի ստատուտով սահմանվում է պատասխանատվության ենթարկել միջազգային ծանրագույն հանցագործությունները։

Կիրակոսյանը նշել է, որ խոսքն այս դեպքում պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության հանցագործության մասին է։

«Այն էական կանխարգելիչ ազդեցություն կունենա ՀՀ տարածքում նմանատիպ հանցագործությունները բացառելու համար։ Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ սուվերեն տարածքում դեռ գտնվում են ադրբեջանական զինված ուժեր, այս տրամաբանությամբ Հռոմի ստատուտի վավերացումը հիմնավորվում է»,- ընդգծել է նա։

Կիրակոսյանն ասել է, որ Հռոմի ստատուտի վարեվարեցումը քննարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում 2023թ. մարտի 24-ին և 2004թ.-ին հակասահմանադրական ճանաչված նորմերը շտկվել են։

Ի դեպ, Հռոմի ստատուտը ՀՀ ԱԺ–ում քննարկվում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։ Նրանք նիստի առաջին կեսում լքել են դահլիճը, բացառությամբ Գեղամ Նազարյանի։

Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ․–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ․–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

Հետևեք մեզ նաև Telegram-ում