Այս պահին ՀՀ-ում 4500 թափուր աշխատատեղ կա
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված է www.workforall.am կայքում այս պահին 4500 թափուր աշխատատեղ կա։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Կայքը ստեղծվել է այն անձանց համար, որոնք աշխատանք են փնտրում։
Կայքում գրանցվելուց հետո, օգտվելով որոշակի կարգավորումներից, հնարավոր է նշել այն մարզը, որտեղ անձը գրանցված է, նշել աշխատանքային ոլորտը և տեսնել, թե ինչ աշխատանքերի համար թափուր հաստիքներ կան։
«Եթե անձը ֆիքսում է որևէ աշխատատեղ, Միասնական սոցիալական ծառայությունը կարող է կազմակերպել այդ անձի և գործատուի միջև կապը։ Դրա համար պետք է դիմել մոտակա Միասնական սոցիալական ծառայություն կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին»,- ասել է նա։
Անդրադառնալով առողջապահության և կրթության ոլորտում առկա թափուր հաստիքներին՝ Բաղդասարյանը որոշակի տվյալներ է ներկայացրել։
«ՀՀ մարզերում ընդհանուր առմամբ առկա է 273 ավագ և 59 միջին բուժաշխատողի կարիք։ Ըստ տեղաբաշխվածության հետևյալ պատկերն է` Արագածոտնում՝ շուրջ 37 հաստիք, Արարատում` 26, Արմավիրում` 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում` 32, Լոռիում` 65, Շիրակում` 32, Տավուշում` 23, Վայոց ձորում` 23»,- նշել է նա։
Բաղդասարյանը հավելել է, որ ՀՀ մարզերում և Երևանի դպրոցներում այս պահին կա 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում` 7, Գեղարքունիքում` 22, Արարատում` 132, Կոտայքում` 60, Արագածոտնում` 48, Արմավիրում` 258, Շիրակում` 26, Լոռիում` 449, Տավուշում` 11, Վայոց ձորում՝ 6, Երևանում` 16։
Բացի այդ, Արցախից բռնի տեղահանված մոտ 21 հազարից 2784 երեխա ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում, որոնցից Սյունիքում` 140, Վայոց Ձորում` 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում` 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում` 110, Լոռիում` 103, Տավուշում` 161 և Երևանում` 450։
Հետևեք մեզ նաև Telegram-ում