Սպիտակ տունը գաղտնի պատվիրակներ է ուղարկել Էր Ռիադ

Սպիտակ տունը գաղտնի պատվիրակներ է ուղարկել Էր Ռիադ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մի խումբ ավագ խորհրդականներ անցյալ շաբաթ գաղտնի այցելել են Սաուդյան Արաբիա՝ քննարկելու թագավորության հարաբերությունների կարգավորումը Իսրայելի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով այցի մանրամասներին ծանոթ աղբյուրներին:

Ինչպես նշվում է, ուղևորության նպատակն էր շարունակել բանակցությունները Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հնարավոր համաձայնագրի շուրջ։ Աղբյուրները շեշտում են, որ Բայդենի վարչակազմը հույս ունի հասնել այսպես կոչված «մեգա գործարքի», նախքան գործող նախագահը կուղղորդի իր ջանքերը 2024 թվականին իր վերընտրվելու քարոզարշավին:

Սպիտակ տան Մերձավոր Արևելքի քաղաքականության համակարգող Բրեթ ՄակԳուրքը և Բայդենի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը Ռիադ այցելած պաշտոնյաների թվում էին: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այցը տեղի է ունեցել անցած հինգշաբթի և տևել է ընդամենը մի քանի ժամ։ Սպիտակ տունը այցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի արել։

Նշենք, որ սեպտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Իսրայելը գտնվում է Սաուդյան Արաբիայի հետ պատմական խաղաղության համաձայնագրի շեմին, որը, ըստ նրա, կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ թագավորությունը «ամեն օր ավելի է մոտենում» Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում