Խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը. Մայր Աթոռ
Նմանատիպ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքին քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները: Քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ հայտարարությունը.
«Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության բռնի տեղահանությունը նոր ցավով և տագնապի ծանր զգացումներով է համակել մեր ժողովրդին: Սեփական ինքնության համար պայքարող Արցախի հայության դեմ իրականացված հրեշավոր ոճրագործությունները իրական պատկերն են Ադրբեջանի հակահայկական պետական քաղաքականության:
Առավել քան հիասթափեցնող են Արցախում տեղի ունեցած ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության անհամաչափ արձագանքները, որոնք, ըստ էության, որևէ ազդեցություն չունեցան հանցագործությունների կանխարգելման և հակազդման համար:
Առկա ծանր փորձությունների հանդիման՝ խիստ մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որ աշխարհաքաղաքական խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում գոյաբանական նոր սպառնալիքներ է ստեղծում մեր ժողովրդի համար:
Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք անում ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին և արտաքին քաղաքականության շրջանակներում՝ հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն և խելամտություն: Մեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա:
Մեր քաջալերանքը և խոնարհումն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, որ հարազատական ամենաջերմ զգացումներով լծվել են Արցախից բռնությամբ տեղահանված արցախահայերի կարիքների հոգածությանը:
Մեր Եկեղեցու հավատավոր հոտին հորդորում ենք նույն նախանձախնդրությամբ շարունակել արցախահայության աջակցության ծրագրերը: Հորդորում ենք նաև որևէ ձևով տուրք չտալ համերաշխությունը խարխլող, ապազգային խմբերի ու խմբակների շահերն սպասարկող կործանարար քարոզչությանը և, մասնավորաբար, հեռու մնալ արցախցի-հայաստանցի հակադրություն հարուցանող ամոթալի եզրաբանությունից: Հայ ժողովուրդը մեկ է իր ինքնությամբ, իր անցյալով և իր տեսիլքներով: Համազգային մեր կյանքից դուրս պիտի մղվեն հակազգային գաղափարները և մեր ինքնությանն ու գոյությանը հակադրվող հոսանքները:
Մեր սուրբ եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու հոգևոր դասով հավատում է մեր ժողովրդի հարատևմանը և հանապազ աղոթքով ու գործով լծված է համայն հայության գոյաբանական խնդիրների հաղթահարմանն ու հայոց լուսավոր ապագայի կերտմանը:
Ի Քրիստոս Հիսուս միասնական աղոթքով հայցում ենք երկնավոր Տիրոջ հանապազ օրհնությունը և պահպանությունը մեր հայրենիքին և ապահով ու անվտանգ կյանք՝ բարեպաշտ մեր ժողովրդին:
«Եղբայրնե´ր, ո´ղջ եղեք, հաստատո´ւն եղեք՝ մխիթարվեցե´ք ու միաբա´ն մնացեք, խաղաղությո´ւն արարեք, և խաղաղության ու սիրո Աստված թող լինի ձեզ հետ» (Բ Կորն. ԺԳ 11) այժմ և հավիտյանս. ամեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում