Եվրախորհրդարանը չպարտավորեցնող բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ
Նմանատիպ
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում չպարտավորեցնող բանաձև են ընդունել՝ ԵՄ երկրներին կոչ անելով նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար:
Եվրախորհրդարանի այսօրվա նիստում ընդունվել է «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքների մասին» (“On the situation in Nagorno-Karabakh after Azerbaijan”s attack and the continuing threats against Armenia”)բանաձևը, որը նաև կոչ է արել հետաքննել Ադրբեջանի զինված ուժերի հանցագործությունները։
Նշենք, որ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։
Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից բնակչության արտահոսքը կարելի է հավասարեցնել էթնիկ զտումների, քանի որ Ադրբեջանի կողմից նրանք վտարվել են ուժի կիրառմամբ, իսկ մինչ այդ ահաբեկման միջոցներով` շրջափակում, Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում (ինչը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը), ինչպես նաև Ղարաբաղի շուրջ և Հայաստանի Հանրապետության սահմանին ուժերի կուտակմանը։ Նշվում է նաև, որ մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, ինչը հանգեցրել է հակամարտության հետագա սրմանը։
Նշվում է նաև, որ թեև նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Հայաստանը պետք է ապահովեր անվտանգ տեղաշարժ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած տարածքների միջև, Ադրբեջանն ու Թուրքիան այս դեպքում օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում