Human Rights Watch-ի հայտարարությունը ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ
Նմանատիպ
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները հեշտացնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կոնկրետ պարտավորությունները՝ հարգելու, պաշտպանելու և իրականացնելու էթնիկ հայերի` Լեռնային Ղարաբաղից վերադառնալու իրավունքը։ Այս մասին այսօր ասել է Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի և նրա ժողովրդի «վերաինտեգրման» Ադրբեջանի ծրագիրը պետք է որոշի, թե ինչպես պետք է կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հարգի մարդու, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները։ Ինչպես նաև, այն պետք է ողջունի անկախ առաքելությունը՝ շարունակաբար վերահսկելու այդ պարտավորությունների կատարումը:
Human Rights Watch-ը շեշտել է, որ Ադրբեջանի գործընկերները պետք է պնդեն, որ միջազգային դիտորդական առաքելությունը հրապարակայնորեն զեկուցի Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի հետ կապված պայմանների մասին և բացահայտի մարդու իրավունքների խախտումները, հատկապես այն խախտումները, որոնք կխաթարեն էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը: Գործընկեր կառավարությունները պետք է նաև կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին նշանակալից քայլեր ձեռնարկել վերադարձի իրավունքի իրացումը հեշտացնելու համար, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ այցերի դեպքում:
Human Rights Watch-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր ապագա բանակցություններում եվրոպացի առաջնորդները պետք է ընդգծեն մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգի և տարածաշրջանի համապարփակ, մարդու իրավունքներին համապատասխան տեսլականի անհրաժեշտությունը, որը կարող է խրախուսել մարդկանց վերադառնալ:
Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բոլորի իրավունքները պաշտպանվելու են Լեռնային Ղարաբաղում, սակայն նման հայտարարությունները դժվար է գնահատել ամիսների ծանր դժվարություններից, տասնամյակների հակամարտությունից, ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունից, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ և ընդհանուր վատթարացումից հետո:
Կազմակերպությունը հարցում է անցկացրել այս տարվա սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղից լքած հայերի շրջանում։ Հարցված մարդիկ ասել են, որ վախից և խուճապից լքել են իրենց տները: Շատերը նաև նշել են, որ իննամսյա փաստացի շրջափակումը և 2020 թվականի պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից իրականացված վայրագությունները, ներառյալ խաղաղ բնակիչների սպանությունն ու խոշտանգումները, բուռն վախ և անվստահություն են առաջացրել:
Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ կմտածի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին՝ իրենց ունեցվածքը վերցնելու համար, եթե կարողանան դա անել միջազգային պաշտպանության ներքո:
Human Rights Watch-ը անդրադարձել է նաև Ալիևի՝ Գրանադայի բանակցություններին չմասնակցելուն, և նշել է, որ ԵՄ-ը, ԱՄՆ-ը և միջնորդական բանակցություններում ներգրավված այլ երկրներ պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ ընդգծելու կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի վերադարձի իրավունքը հեշտացնելու համար, լինի դա կարճաժամկետ այցեր՝ մնացած իրերը հավաքելու, իրենց ունեցվածքի հետ կապված խնդիրները լուծելու, գերեզմաններ այցելելու համար, թե երկարաժամկետ՝ վերջնականապես վերադառնալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում