ՌԴ նախագահը մեկնաբանել է ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` կրկին հայտարարելով, որ ժամանակին հայկական կողմին փոխզիջումներ են առաջարկվել։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է «Վալդայ» բանավիճային ակումբի նիստում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը վերջին 15 տարիներին հայ ընկերներին առաջարկել է փոխզիջման գնալ՝ Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հինգ շրջանները, երկուսը պահել և այդպիսով պահպանել տարածքային կապը Հայաստանի և Ղարաբաղի միջև: Բայց հայ գործընկերներն ասել են. «Ո՛չ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»:
«Մենք մեր հերթին ասում էինք՝ լսե՛ք, Ադրբեջանն աճում է, տնտեսությունը` զարգանում, դա նավթագազային երկիր է, այնտեղ 10 միլիոն բնակչություն կա։ Եկեք համեմատենք ներուժը: Քանի դեռ կա այդ հնարավորությունը, պետք է գտնել այդ փոխզիջումը։ Մենք մեր հերթին համապատասխան որոշումներ կկայացնենք Անվտանգության խորհրդում, կերաշխավորենք Լաչինի միջանցքի անվտանգությունը»,- շեշտել է ՌԴ նախագահը։
Սակայն հայկական կողմը նախկինի պես մերժել է և խոսել պայքարելու մտադրության մասին։
ՌԴ նախագահը նշել է` 2020 թվականին գործն ի վերջո հասավ զինված բախումների։ Պուտինի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինչ–որ պահի ադրբեջանական զորքերը կանգ կառնեն։
«Անկեղծ ասած, ես կարծում էի, որ հարցը լուծված է։ Զանգեցի Երևան, ինձ ասացին`թող ադրբեջանցիները հեռանան Ղարաբաղի այն փոքր տարածքից, որտեղ զորք են մտցրել»։ Ասացի` ի՞նչ կանեք։ Նույն բանն ասացին` կպայքարենք։ Ասացի` լսե՛ք, նրանք մի քանի օրից դուրս կգան Աղդամի մոտ գտնվող ձեր դիրքերի թիկունք, և ամեն ինչ կավարտվի։ Նրանք ասացին, որ պայքարելու են»,- մանրամասնել է նախագահը։
Ի վերջո, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Շուշիի գիծ և բուն Շուշի գնալուց հետո մարտական գործողությունները կդադարեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում