Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակակրի անունը

Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակակրի անունը

2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի դրամատուրգ Ջուն Ֆոսեին։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Գրողը դափնեկիր է դարձել «իր նորարարական պիեսների և արձակի համար, որոնք թույլ են տալիս արտահայտել անբացատրելին»,- ասվում է որոշման պատճառաբանության մեջ։

Ըստ Շվեդիայի ակադեմիայի մշտական ​​քարտուղար Մատս Մալմի, ով հայտնել է դափնեկրի անունը, դրամատուրգը մեքենայով գնում էր դեպի իր ամառանոցը, երբ հեռախոսով հաղորդագրություն է ստացել։

Ֆոսեն ծնվել է 1959 թվականին և ապրում է Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Նա առաջին անգամ հանդես է եկել 1983 թվականին և հրատարակել է 40 գիրք տարբեր ժանրերով, որոնք թարգմանվել են նույնքան լեզուներով։ Ֆոսեն Եվրոպայի ամենահայտնի դրամատուրգներից է։ Նրա պիեսները բեմադրվել են մոտ 800 անգամ։

«Ես ցնցված եմ,- Svenska dagbladet թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է գրողը Նոբելյան մրցանակի արժանանալու լուրը։- Ես շատ ուրախ եմ, բայց նաև մի փոքր վախենում եմ ողջ ուշադրությունից»։

Նոբելյան կոմիտեի նախագահ Անդերս Օլսոնը TT-ին տված հարցազրույցում մեկնաբանել է 2023 թվականի դափնեկրի ընտրությունը. «Ինչպես բոլորս գիտենք, Ջուն Ֆոսեն այն անուններից է, որոնց մասին խոսվել է այս տարիների ընթացքում: Զարմանալի չէ, որ նա արժանացել է այս մրցանակին: Նա նաև շվեդական գրականության մաս է կազմել, քանի որ նրա ստեղծագործությունները նորվեգերենից թարգմանվել են 1990-ականներից ի վեր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում