Ռուսաստանը սկսել է նավթի մատակարարումը Հայաստան

Ռուսաստանը սկսել է նավթի մատակարարումը Հայաստան

Ռուսաստանը սկսել է Հայաստանին անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը՝ ի պատասխան ՀՀ իշխանության դիմումի։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունից։

«Ինչպես հայտնի դարձավ հայ գործընկերների դիմումից, ՀՀ–ում այս ոլորտում բարդ իրավիճակ է։ Առջևում աշուն–ձմեռ ժամանակահատվածն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի»,- նշել են հայտարարության մեջ։

Չնայած սեպտեմբերի 21–ին ՌԴ կառավարության ընդունած որոշման, որով բենզինի և դիզելային վառելիքի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել, ռուսական կողմը ՀՀ–ի հետ 2013 թ. դեկտեմբերին ստորագրած միջկառավարական համապատասխան համաձայնագրի շրջանակում ընդառաջ է գնացել այս հարցում:

Բացի ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գծով աջակցությունից, ՌԴ ԱԻՆ–ը ևս որոշել է Հայաստանի դիմումին ընթացք տալ և մարդասիրական օգնություն ցուցաբերել ԼՂ հայերին։

Նշվում է, որ «Ռոսռեզերվի» հետ համատեղ արդեն ձևավորվել է առաջնային ապրանքների ցանկը, որոնք հնարավոր կլինի առաջիկա օրերին ուղարկել ՀՀ:

Հումանիտար աջակցությունը կմատակարարվի Ռուսաստանի մարդասիրական առաքելության, Ելիզավետա Գլինկայի «Դոկտոր Լիզա» և «Շտապեք բարություն գործել» մարդասիրական կազմակերպությունների կողմից։ Բեռները ՀՀ կտեղափոխվեն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով։

Նախարարությունից նաև հայտնում են, որ հաջորդ շաբաթ ՌԴ դիվանագետները՝ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ, կայցելեն Սյունիքի մարզ՝ մարզային իշխանությունների հետ ուսումնասիրելու անհետաձգելի կարիքները:

Այս աշխատանքները կշարունակվեն նաև ՀՀ այլ շրջաններում, որտեղ ԼՂ–ից տեղահանված հայեր են գտնվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում