Սկսվել է պատերազմ Իսրայելի և Պաղեստինի միջև. Ի՞նչ է հայտնի այս պահին
Նմանատիպ
Այսօր առավոտից պաղեստինական «Համաս» խմբավորումը զանգվածային հրթիռակոծում է սկսել Իսրայելի տարածքի վրա։ Գործողության առաջին 20 րոպեների ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5000 հրթիռ։ Կան զոհեր։
Ավելի վաղ պաղեստինյան ուժերը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ էին արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բժիշկները հաստատել են Իսրայելի հարավում հրթիռի անկման հետևանքով տարեց կնոջ մահը։Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել է «անվտանգության հատուկ իրավիճակ» մտցնել Իսրայելի կենտրոնում և երկրի հարավում։
Պաղեստինյան ուժերը գրավել են ոստիկանական բաժանմունք Սդերոտ քաղաքում։ Փոխհրաձգությունը դեռ շարունակվում է։ Տարածվում են տեղեկություններ, որ արաբները գրավել են նաև իսրայելական Բերի բնակավայրը և Օտեֆ գյուղի մի շարք տներ։
Պաղեստինցի զինյալները հրապարակել են գերի ընկած իսրայելցի զինվորների լուսանկարները։ Եթե դա հաստատվի, ապա դա կլինի առաջին անգամը տասնամյակների ընթացքում, որ իսրայելցի զինվորական է գերևարվել։ Արաբները հարվածներ են հասցրել տարբեր քաղաքների, այդ թվում մայրաքաղաք Թել-Ավիվին։ Կան զոհեր, վիրավորներ և գերևարվածներ։
Իսրայելը հայտարարել է, որ բանակը (ՑԱԽԱԼ) «պատերազմին պատրաստ լինելու» վիճակի է բերված։ Համասը կոչ է արել Լիբանանում տեղակայված իր ուժերին ևս միանալ կռվին։ Այս գործողությունը արաբներն անվանել են «Ալ Աքսայի ջրհեղեղ», իսկ Իսրայելը իր պատասխան ռազմագործողությունն անվանել է «Երկաթյա թրեր»։ Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանը փակ է։
Նշենք, որ հարձակումը սկսվել է խորհրդանշական օր. հոկտեմբերի 6-ին լրացավ 1973 թ. արաբա-իսրայելական հերթական պատերազմի 50-ամյակը, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի պատերազմ»։
Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել՝ անսպասելի Իսրայելի վրա հարձակվելով։
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը ճակատագրական սխալ թույլ տվեց և պատերազմ սկսեց Իսրայել պետության դեմ: ՑԱԽԱԼ-ի զինվորները կռվում են թշնամու դեմ ներթափանցման բոլոր հատվածներում», – ասվում է Գալանտի գրասենյակի հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում