Իսրայելը կհարվածի Գազային բոլոր դեպքերում
Նմանատիպ
Իսրայելցի զինվորականները որոշել են հարվածներ հասցնել Գազայի հատվածին նույնիսկ այն դեպքերում, երբ դա պոտենցիալ սպառնալիք կլինի այնտեղ պահվող իսրայելցի պատանդների համար։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը ՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան աղբյուրները։
«Իսրայելի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ իշխանությունները որոշել են, որ Գազայում հզոր հարվածներ կհասցնեն ահաբեկիչներին, նույնիսկ եթե դա վտանգ ներկայացնի այնտեղ պահվող իսրայելցիների համար», – գրում է թերթը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ պաղեստինյան ուժերն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ պաղեստինցիներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: