Կիպրոսը կօգնի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիներին
Նմանատիպ
Կիպրոսն իր տարածքը կտրամադրի Իսրայելից տարհանվող օտարերկրյա քաղաքացիների համար, գործարկվել է ESTIA հատուկ ազգային ծրագիրը: Այս մասին հայտնում է Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրավիճակը, որը ծագել է Իսրայելում լայնածավալ ահաբեկչական գործողություններից հետո, արտաքին գործերի նախարար դոկտոր Կոնստանտինոս Կոբոսը այսօր` հոկտեմբերի 10-ին, հավաքել է Ճգնաժամային կառավարման նախարարական խումբը, որի կազմում են արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարն ու արդարադատության և հասարակական կարգի նախարարը:
Նախարարական խումբը որոշում է ընդունել Կիպրոսի Հանրապետության տարածքով ճգնաժամային իրավիճակում գտնվող տարածաշրջանից օտարերկրյա քաղաքացիների ընդունելության և հայրենադարձության ESTIA հատուկ ազգային ծրագրի ակտիվացման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
ESTIA հատուկ ազգային ծրագիրը ակտիվանում է արտակարգ իրավիճակների կամ ճգնաժամի դեպքում` Կիպրոսի տարածքով մոտակա ճգնաժամային տարածաշրջանից քաղաքացիների անվտանգ տարհանումն ապահովելու համար: Այն կարող է կիրառվել նաև տարածաշրջանում բնական աղետների դեպքում, որը նույնպես կարող է հանգեցնել Կիպրոսի տարածքով ԵՄ և երրորդ երկրների քաղաքացիների տարհանմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում