Հրամանատարները մեղադրվում են ՀՀ տարածք հակառակորդի առաջախաղացումը չկանխելու մեջ
Նմանատիպ
ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի, զորամասի, վաշտի հրամանատարների նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում` ՀՀ ինքնիշխան տարածք հակառակորդի առաջխաղացումը չկանխելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազությունից հայտնում են, որ Վ.Գ.–ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թ. նոյեմբերի 14–ի առավոտյան զորամասի հրամանատար Ա.Մ.–ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին:
«Բանակային կորպուսի հրամանատարը Ա.Մ.–ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ա.Մ.–ն իր հերթին հակառակորդի հետ բանակցությունները դադարեցնելու և մարտ վարելով թշնամու առաջխաղացումը կանխելու մասին հրաման արձակելու փոխարեն բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի բնագիծ։ Զորամասի հրամանատարը միայն բավարարվել է նշված վաշտի զինծառայողներին «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով։
Ըստ քրեական գործի` համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.–ն և Ա.Թ.–ն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատար Ա.Մ.–ի հետ ընկնելով շրջափակման մեջ: Արդյունքում հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է ՀՀ ինքնաշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր:
Դատախազը 2023 թ. հոկտեմբերի 6–ին որոշում է կայացրել բանակային կորպուսի հրամանատար Վ.Գ.–ի, զորամասի հրամանատար Ա.Մ.–ի, ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.–ի և Ա.Թ.–ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխել։ Այս չորս անձի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական հին օրենսգքրի 365–րդ հոդվածի 3–րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Հետևեք մեզ նաև Telegram-ում