Իսրայելական ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի էլիտար զորքերին

Իսրայելական ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի էլիտար զորքերին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Նոխբա» էլիտար ստորաբաժանման զորքերին, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները Telegram-ի իրենց ալիքում։

Նրանց խոսքով՝ այս ստորաբաժանման մարտիկներն առաջինն են ներթափանցել Իսրայելի տարածք և ղեկավարել հարձակումը, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին։ Նրանք նաև պարբերաբար դարանակալում են իսրայելական զորքերին:

«Հինգշաբթի՝ հոկտեմբերի 12-ի գիշերը, Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի «Նոխբա» էլիտար ուժերին՝ գրոհելով զինյալների կողմից օգտագործվող օպերատիվ հրամանատարական կենտրոնները»,- ասվում է զեկույցում։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները նաև ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպա Մուհամմադ Աբու Շամլանին հարվածել են երեկ երեկոյան: Գերատեսչության տվյալներով՝ նրա տանը պահվել է ռազմածովային տեխնիկայի համար զենք՝ նախատեսված իսրայելական նավերի վրա հարձակումների համար։

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Բեն-Դորն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության հիմնական նպատակը ահաբեկչական հարձակումների բոլոր հնարավոր սցենարների կանխումն է։ Նա ընդգծել է, որ դրա իրականացումն անհրաժեշտ է երկար տարիներ երկրի անվտանգությունն ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում