ՆԱՏՕ-ի երկրները փորձում են փոխել Հայաստանի ուղենիշը․ Լավրով
Նմանատիպ
Ռուսաստանը փորձեր է տեսնում անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու։ Այս մասին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, և դրանք նախկինում նույնպես շատ են եղել: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հող ստեղծելու հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստվելու Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում շահերի առաջմղմանը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների։ Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք որոշակի արդյունքների են հասնում»,- ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «խորին համոզմունք ունի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»։
«Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս, հարցազրույց է տվել և դրանում հստակ ասել, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հույս ունեմ, որ այս դիրքորոշումը կգերակայի»,- հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում