(ան)Հայրենիք. Աննա Մեկունցի օրագիրը (մաս 1)

(ան)Հայրենիք. Աննա Մեկունցի օրագիրը (մաս 1)

Սեպտեմբերի 19-20-ի աղետին սպասում էի։ Տեսնում էի, որ այն անխոչընդոտ մոտենում է։ Հասկանում էի, որ Արցախի փրկությունը միայն Հայաստանից կարող է լինել, բայց նաև ապշում այստեղի քար անտարբերությունից։ Անտարբերությունը ո՞րն է՝ հանցավոր մասնակցություն։ Ու նաև դաժան գիտակցում, որ մասնակից ես նաև դու…

Անկեղծ ասեմ՝ չգիտեի ինչ է պետք անել։ Հույսս Աստծո բարեգթությունն ու Արցախի մեր հայրենակիցների տոկունությունն էր։ Փորձում էի հնարավորինս շատ շփվել նրանց հետ։ Խաբել չէի կարող։ Բայց նաև վստահ էի, որ ելք կա։ Ուղղակի պետք էր գտնել այդ ելքը։ Նաև տեսնում էի, որ բլոկադան խնդիր է դարձել նաև մեր թշնամիների համար։ Նյարդերի պայքար էր, որում արցախցիները հաղթում էին։ Միանշանակ հաղթում էին։ Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ Ալիևը պարզապես փոխեց խաղի կանոնները։ Նրա նյարդերը տեղի տվեցին…

Ես լավ գիտեմ՝ ինչպես կարողացան արցախցիները կոտրել թշնամում։ 1991-1992թթ. իմ աչքերով եմ տեսել դա։ Սովը, ցուրտն ու տառապանքը ոչինչ են, եթե հասարակության մեջ կան կյանքը սիրող մարդիկ։ Ես ճանաչում եմ նրանց։ Գիտեմ՝ ինչպիսինն են լինում և ոնց են կարողանում ապրեցնել իրենց կողքի մարդկանց։ Ու երբ առաջին անգամ սոցիալական ցանցերում տեսա Աննա Մեկունցի գրառումները, հասկացա՝ նրանցից մեկն է։ Ապրեցնող է…

Աննան այսօր Երևանում է։ Վստահ եմ՝ իր մասին դեռ շատ եք լսելու։ Նրա ստեղծագործությունները շատերիդ կյանքն են փոխելու։ Դրա համար անիմաստ եմ համարում իր մասին հիմա շատ խոսելը։ Պարզապես ուրախ եմ տեղեկացնելու, որ այսուհետև Աննա Մեկունցի ստեղծագործություններին կծանոթանաք նաև Times.am-ի էջերում։ Եվ սկսում ենք նրա օրագրի հրապարակումից։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

***
…Սոված դիակներ են քաղաքում քայլում, ու իրար մսից հաց հունցում
Քաղաքում անկուշտ հոգիներ են մեռնում, ու իրար չեն սիրում.
Մի տեսակ խղճում եմ մայթերն այն,
որոնք միանման քայլահետքով են պատվում,
ու չեն տարբերվում…

…Նրանցից ովքեր իրականում ոչ մի տեղ չունեն գնալու, կամ նրանց ոչ ոք չի սպասում։
Ես գլխակորույս փախչել եմ ուզում, այնտեղ, որտեղ իմ «Ինձը» չի կործանվում…
Որտեղ ինձ հետ մի «դու» է ապրում իմ ես-ին շատ նման,
Ու փրկում է քաղաքն ու ինձ՝ սպանող փամփուշտից,
Սոված դիակներին կերակրում հույսով…
Ու Վերածնունդ գոռում հոգու ուժով…

***

Ար-Ցախ

Սեպտեմբերի 15…
Բլոկադա.
Օ՞ր…
(եսի՞մ…)

Եղբայրս պիտի գնար սահման։
Հիշում եմ, որ այդ օրը խոսում էին տղերքով (սահմանի), ու մտածում էին՝ բլոկադա է, ինչո՞վ պիտի սնվեն, որ սարերի մեջ դիմանան։
Հայրենիքը պահել էր պետք։
Դա էլ մի կողմ, ախր ոտքով էին քաղաքից հասնում սահմաններ։

2023 թիվ…
Սեպտեմբերի 19.

Առավոտյան ավագ եղբայրս գնաց պոստ։
Փոքրը մի քանի օր էր, ինչ այնտեղ էր։

Ժամը՝ 12։30
Մորս հետ նստած ենք հյուրասենյակում.
– Մի կինո քցի, յեշինք
(Ֆիլմ միացրու, դիտենք)

– Մամի,- դիմեցի մորս,-
Ինտերնետ չկա…

Հանկարծ պայթունի ձայն լսվեց՝ տան մոտակայքում։
Մեկ…
երկու…

– Յերկա՛ց… սկսվալա։
(վեր կաց… սկսվել է) ,- հանգիստ ասաց մայրս։

– Հու՞նց յանի.
Կռէվա՞…
(ինչպե՞ս թե… պատերազմ է՞…)

Վազեցինք դեպի լոգարանը, քանի որ տան ամենաապահով հատվածն է։
Իսկ պայթուններն այնքան մոտ էին, կարծես բակում է պատերազմ ընթանում։

– …Քշա՛ց. (իջիր)
Շյու՛տ ըրա։
Քինամնք պադվալ։

Մի տեսակ չվախեցանք։
Հոգեպես երևի արդեն պատրաստ էինք, որ պիտի մահանանք, ինչու՞, որովհետև գնալու տեղ չկար։
Փախչելու տեղ չկար։

Նկուղում ենք։
Ռմբակոծում են։
Խոնավության, կեղտի, ցրտի մեջ մարդիկ շնչակտուր են լինում, աղոթում Աստծուն մեր տղերքի համար, լացում իրենց հայրենիքի, իրենց պատմության, իրենց գոյության պատճառով։ Մեղադրում են իրենք իրենց, որ չմտածված, բայց ծնվել են Արցախում, ու մեղավոր են ամեն վայրկյան սահմանին զոհված տղերքի համար, որովհետև այնտեղ զոհվում են, որ այստեղ նկուղում, կյանքը չպակասի։

Ծնողները վախեցած, լացակումաց, շփոթված ու մոլորված փոքրիկներին դպրոցներից բերում ու լցնում էին նկուղներ։ Կային մարդիկ, ովքեր նկուղից նկուղ ման էին գալիս՝ հարազատի փնտրտուքներով։

Քաոս էր սկսվել։
Ողբ էր տիրում։
Գիտակցում կար՝ մահվան եզրին ենք։
Ու հաստատ, այս պատերազմում, կրկին անգամ Հայը մնալու էր մենակ։

– Աստված իմ… տղե՜րքս, -բարձրաձայնեց մայրս։
Ամենացավոտ զգացողությունն էր, երբ նայում ես ծնողիդ աչքերի մեջ, ու հասկանում, որ նա փորձում է ուժեղ ձևանալ, բայց իրեն անզոր է զգում։ Սարսափելի է, երբ ամբողջ հոգով ցավող ծնողիդ չես կարողանում օգնել, չես համարձակվում մոտենալ ու գրկել, որովհետև զգում ես, որ կես մարդ է դարձել, որ առաջվա ուժը չկա, բայց հանուն իր աղջկա դեռ պինդ է մնում, ու չի ցուցադրում իր անճարությունը։

Առաջին լուրը, որ ստացանք նկուղում՝ հարևանի մոր մահվան լուրն էր։
Հետո իմացանք, որ մեր թաղամասից միանգամից երեք կին է պատերազմի զոհ դարձել։
Թաղի տղերքից լուր չկար։
Եղբայրներիցս նույնպես։

Նկուղում, մթության մեջ նստած, կանայք աղոթում էին արցունք աչքերին։

Երբ օրը մթնեց՝ մոմերը վառվեցին։
Ես ու մայրս բարձրացանք տուն։
Կեսգիշերին, երբ անընդհատ ռմբակոծություն էր օդում, պայթունների տակ ես ու մայրս տան մի անկյունում, պինդ գրկել էինք իրար ու պառկել։
Ես իմ փոքրիկ մարմնով փորձում էի մորս պաշտպանել։ Իսկ ինքը՝ իր մարմնով ինձ էր ծածկել՝ ապահովության համար։

Ամբողջ գիշեր մայրս փորձում էր կապի դուրս գալ իր որդիների հետ։
Չէինք քնում։
Ժամերը հավերժություն էին թվում, ու տպավորություն էր, որ Դժոխք ենք ընկել, քաոսը կուլ էր տվել քաղաքին։

Կապ չկա։
Նորություն չկա։
Մի կերպ լույսը բացվեց, կարծես մի ամբողջ դար մթության ու պատերազմի մեջ էինք…

«Զարմանալի ուժեղ կին է մայրս»,- անընդհատ մտածում էի ես, ու ապշում, որ գոնե մեկ վայրկյան չի թուլանում, չի լացում, չի բողոքվում, ձայն չի հանում, որ թեթևանա։

Լռություն էր տիրում։

– Մամ… սրանց լռությունը ինձ լյավ պեն չի հուշում։
– Հա… ինձել։
Շուշիի պատմություննա կրկնվում։
Ամբողջ գիշեր ռմբակոծել են, առավոտյան լռություն էր։
Պարզվեց՝ հանձնել են Շուշին։ Ես ու ընկերներս դեռ էնտեղ…
Ու հիմա սա…

Մայրս կազմ ու պատրաստ սպասում էր.
Ամեն պատերազմի սկզբին մորս հետևից էին գալիս պարտադիր, վիրավորների էր օգնում, հանում, տեղափոխում հիվանդանոց։ Հազարավոր մարդկանց կյանք է փրկել։ Ու հիմա էլ շտապում էր, որ տղերքից հանկարծ չպակասեն.

– Ախր, չեմ հասկանում, ինչի՞ չեն գալիս։
Ու՞մ են սպասում։
Ես հիմա որտեղի՞ց մեքենա գտնեմ, որ գնամ հասնեմ մերոնց։

– Մամ, գոնե էս անգամ մտածիր իմ մասին։
Գոնե հիմա ինձ մի թող էստեղ, անհայտության մեջ ու մենակ։
Մնա ինձ հետ։

– Չեմ կարող, բա մերո՞նք։
Բա տղերքը՞ս։

***

…սեպտեմբերի 20֊ին, իմացանք, որ Արցախի լիքը տարածքներ արդեն շրջափակման մեջ են:

Թաղավարդի մասին պատմում էին, որ կային անհայտ կորած ընտանիքներ։ Ասում էին Մարտակերտը արդեն գրավել են։ Ասկերանը՝ շրջափակման մեջ է։
Ու թուրքերը հասել են արդեն Առաջաձոր ու Վանք։
Արցախը բաժանված էր մասերի, ու բոլոր մասերը շրջափակված էր թշնամիներով։

Վախ չկար սեփական կյանքի կորստի հանդեպ։ Վախ կար՝ հարազատի կորստին չդիմանալու, անհայրենիք մնալու։
Նկուղ այլևս չենք իջել ես ու մայրս։
Եթե պիտի տունը թողնեինք թուրքին, գոնե վերջին օրերը ուզում էինք մնալ մեր տան գրկում, ներողություն խնդրելով տան պատերից, որ հավատարիմ չմնացինք իրեն։

Լույս էլի չկար։
Գազ չկար։
Ջրերը կտրել էին։
Տալուց էլ՝ սալյարկայի համն ու հոտը խեղդում էր, անհնար էր խմելը։
Պատշգամբում փեչ էինք դրել։
Հարևանները խմորը ձեռքին ամեն օր գալիս էին, որ փեչի մեջ հաց թխեն, տանեն նկուղ, գոնե չոր հացը լիներ, որովհետև երեխաները սոված էին։
Բակում մարդիկ «самовар» էին միացրել։
Ծառի տակ, նստարանների ու սեղանի մոտ հավաքվում էինք, ու թեյում…
Հաց կիսում…
Նորություններ հավաքում մեկս մյուսիս մասին։

Թաղի տղերքը դեռ կապի դուրս չէին գալիս։ Ավելի ուշ իմացանք, որ շրջափակաման մեջ են։
Մայրս դեռ իր տղաներից նորություն չուներ, շարունակում էր լուռ մնալ…
Մեղադրում էր իրեն, որ չի գնացել։
Մեքենան չի եկել իր հետևից։ Այլ մեքենա չկար, որ հասներ տղերքի մոտ։

Մեզ համար սովորական կյանքը դա պատերազմական մթնոլորտում թեյելու մեջ էր կայանում։
Վստահ էինք՝ մերոնք կպահեն իրենց հողն ու հայրենիքը։
Սակայն ներքուստ գիտեինք, որ սա վերջն է…

***

…Ինչ որ մի հեռու կետից լսվում էր կրակոցների ձայն ։
Լռում էինք…
Լացում էինք…
Աղոթում էինք…
Ես նայում էի մնացածի մայրերին, ովքեր անընդհատ սուգ էին ասում, բարձր աշխարհին հայտատարում, որ իրենց երեխաներից նորություն չկա, ամուսիններին հրամայում գտնել իրենց երեխաներին ու բերել տուն։
Հետո մորս էի նայում՝ ով մենակ էր, չուներ ոչ ոքի, ում կողքին գոնե մի հասուն տղամարդ չկար, ով կպշատպաներ իրեն։
Անքնությունից կարմրած ու հոգնածությունից ուռած աչքերը լցված էին, բայց շարունակում էր ամուր մնալ…
Իսկ ես շարունակում էի մտքիս մեջ մտորումների մեջ խելագարվել.

– Ինչքա՜ն ուժեղ կարող է լինել մոր սիրտը…

Թաղամասում պանիկա էր։
Մարդիկ խոսում էին, որ թուրքերը արդեն քաղաքի ճանապարհին են, քաղաք են մտնում։
Չգիտեմ որտեղի՞ց էր լուր տարածվել, թե պիտի ընտանքիներով իջնենք օդանավակայան՝ այն հույսով, թե ռուս խաղաղապահները, գոնե այնտեղ խաղաղ բնակիչների ապահովության մասին կմտածեն։
Ես չէի հավատում…
Մինչդեռ բոլորը բառիս բուն իմաստով հավաքում էին իրենց իրերն ու սեփական մեքենաներով պոկվում օդանավակայան, ես ու մայրս նստում էինք տանն ու հույսով սպասում տղաներին.

– Աստված մեծ է, մի նորություն կլինի, մի բան կանենք… տղերքը կգան…
Պիտի գան.

Տունը մաքուր էինք պահում։ Մաքրում էինք, որովհետև ենթագիտակցորեն չէինք հավատում վերջին, ու երբ հարևանները գալիս տեսնում էին ինձ հատակ լվանալիս այն ժամին, երբ օդում ռումբեր են պայթում, կատակի տալով ասում էին.

– Մաքրի՛.
մաքրի, որ գոնե, եթե հանկարծ տուն մտնեն մորթելու՝ չասեն, էս ի՜նչ կեղտոտ են էս հայերն ապրում։

***

Խուճապը անընդհատ շատանում էր։ Տղամարդիկ վազվզում էին զենքերն ուսերին գցած։ Օդում կրակոցներ էին։
Մեր բակի Մասյոն, ով իր ամբողջ կյանքը համարյա թե անց է կացրել բանտում, բայց իրականում, մերոնց ասած անմեղսունակ գառնուկի էր նման, զենքն ուսին գցած, սիգարետը ծխելով, ասաց.

– Ասումն թորքերը սաղ երըն կալալ։
(ասում են թուրքերը սաղ վերցրել են)
Էնն տարահանումԸն ռայոնի բնակիչներին։ Կեսից շատը էնա աերոպորտումը։ Պրծեք, կարևոր թղթերը յեր կալիք, քշանանք։,

– Թա՜ղիմ ես թորքերին…

– Վա՜յ… էս հինչ օր ընգինք։
– Հու՞վ կմտածեր, վեր թորքը կկյա հսնէ Ստեփանակերտ…

– Հադրութեցուց աչքնա երևի… մէզ շատ անեծք տվեցին։ Ասեցին դե Հադրութս վեր տվալա, քաղաքը հինչույա՞ պահում։

– Բալա…էս յանի, բեզպիլոտնիկին տակին, վեննավ աերապորտ քշանա՞լ կինի… էս քյորփա խոխոցը նհետ։ Պա վեր մի պեն ինի…

Պանիկան շարունակվում էր, իսկ ես ու մայրս կես մարդ դարձած այն փաստից, որ թուրքը հասնում է քաղաք, իսկ տղերքից դեռ լուր չկա չգիտեինք՝ ո՞ր հատվածում ու ո՞ր պոստում փնտրենք մերոնց, ու փորձենք գոնե իմանալ՝ լա՞վ են…հո վիրավոր չե՞ն…

Մորս աչքերը կարմրած ու տանջված էին։ Զգում էի, թե ոնց է իր ներսում անճարությությունից խելագարվում, մեղադրում ինքն իրեն, որ տղերքի հետ չէ։ Բայց ի՞նչ աներ ախր։

Ես մենակ այստեղ էի։ Տղերքը կռվում էին։ Քանի՞ մասի բաժանվեր, ո՞նց վարվեր։

Հետո մարդիկ սկսեցին գնալ սեփական մեքենաներով դեպի օդանավակայան։ Քանի գնում դատարկվում էր բակը։ Ու ես կանգնած նայում էի ոչ կիսատ ընտանիքներին, որտեղ կանայք ամուսիններ ունեին, և երեխաները ունեին Հայր, ով հոգում էր իրենց մասին։

Նայում էի մորս ու գիտակցում՝ այս պահին մենք միայն Աստված ունենք։ Եւ մեր օգնականը Տերը պիտի լիներ իր կամքով, որովհետև ոչ մեքենա կար, որ դուրս գնայինք, ոչ կարող էինք դուրս գալ առանց տղերքի, ոչ էլ մնալն էր մի բան։

Հեռվից ձայներ լսվեցին հանկարծ.
Համազգեստ հագած տղերքը վազելով հասան շենքի աստիճանների մոտ, ու շնչակտուր խոսեցին.

– Վերջն է…
Թուրքերը հասել են թաղամաս։
Մորթելով քաղաք են մտնում, ու մեր տան մոտակայքում են արդեն…
Փախե՜ք…
Փախե՜ք…

Այն ժամանակ, երբ բոլորը իրենց ընտանիքներով փախնում էին
(թե ու՞ր՝ ես էլ չգիտեմ, որովհետև շրջափակման մեջ ենք), մա՜յրս, ով առանց ամուսին է իր երեխաներին մեծացրել, տաս տարի մենակով Շուշիում տուն դրել ու կորցրել, մենակով երեխաներ մեծացրել, կրթել ու դաստիարակել… ու հիմա էլ այս տունն է թողնում թուրքին, Մայրս մնացել էր մենակ ինձ հետ, չիմանալով թե որտեղ են իր տղաները՝ ո՞ղջ են արդյոք, մեռած ե՞ն… գնա՞նք, փախչե՞նք… ախր ու՞ր գնանք…

Ես հասկացա, որ մենք մենակ ենք մնացել այս կյանքի կռվում։ Ու Մահը կարող էր ամեն վայրկյան կուլ տալ մեզ իր մեծ դունչով։ Որովհետև փախչող մարդկանց ամբոխի աչքին չէինք երևում մայր ու աղջիկ։ Ամեն մեկն իր փրկության մասին էր մտածում։ Ամեն մեկի համար իր վերցնելն ավելի կարևոր էր, քան մարդկային փրկելու կյանքը։

Անճար էի…

Գիտակցում էի քարացել եմ։

Ոչինչ այլևս չեմ զգում։

Եթե թուլանայի խելագարվելու էի, ու Կոմիտասի բախտին արժանանայի։

Չգիտեի, թե ինչպես մի օրում Դրախտը Դժոխքի վերածվեց, մութը պատեց արևին, ու կուլ տվեց խաղաղությանը։

Մտքում կրկնում էի, որ ես քնած եմ, որ սա շուտով պիտի ավարտվի։

Անձայն ճչում էի։

Բերանս բացած ճչում էի ցավից, պոկում մազերս ու եղունգներս, ու վախենում ինքս իմ վիճակից, ինքս ինձնից։
Նստել էի աստիճաններին, աղոթք էի անում, խաչակնքվում ու ասում՝

– Հայր մեր, որ երկնքում ես…
Սուրբ թող լինի անունը Քո…
…Եւ եթե կամքը Քո սա է, եւ սա է վերջը մեր, թող որ մահանամ քո կամքով…
Ամէն.

Պինդ գրկել էի խաչս ու սպասում էի մահվան գալիքին։

Եղբորս ձայնը փոխեց ամե՜ն բան։
Օրերով կորած ավագ եղբայրս կանչեց՝
-Մա՜մ….

Վազեցինք իր մոտ։ Երբ գրկեցի նրան, անկախ ինձնից արցունքներս հոսեցին։
Եկել էր ողջ, առողջ։

Զինվորական հագուստը հրաման էր ստացել փոխելու, ու քաղաքացիական հագուստ հագնելու։

Մինչ եղբայրս մթության մեջ, փեչի վրա վեդրոյով տաքացրած ջրով լոգանք էր ընդունում, այդ ընթացքում ես ու մայրս քրքրում էինք տունն ու վառում բոլոր զինվորական պարագաները, սկսած հագուստից մինչև պատվոգիր ու մեդալ։
Իսկ մորս մեդալներն ու պատվոգրերը շատ-շատ էին։ Հիշում եմ, որ ամեն անգամ պատվոգիր կամ մեդալ տեսնելուց մորս ձեռքին, շարք էինք կանգնում փոքր ժամանակ, պատիվ տալիս հպարտությամբ ու երեքով կրկնում.

– Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, տիկին ավագ Ենթասպա։

Ու հետո հռհռում էինք միասին։
Իսկ հիմա պիտի վառենք, վառենք ամեն ինչ, վառենք այդ հպարտությունը, այդ հուշերը, մորս ամբողջ ապրած կյանքն ու ձեռքբերումները, հիշողությունները,
նկարները, որտեղ մայրս իր զինակիցների հետ է…

Ինչքա՜ն ցավոտ է…
Ի՜նչ դաժան է։

Ես միշտ ասում էի, որ մայրս ուժեղ կին է։ Բայց այս անգամ վերջնականապես համոզվեցի։

Միշտ լուռ էր, երբեք ոչ ոք գլուխ չի գովացել իմ ընտանիքից, որ հայրենիք է պաշտպանում, կամ կռվի է մասնակցել։
4 պատերազմ տեսած մայրս, մինչև վերջ մնաց իմ իմացած ուժեղ Կինը։

Ես հասկացա, որ մայրս աշխարհի ամենաուժեղ կինն է…

Աննա Մեկունց

Շարունակությունը կարդացեք այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում