Պաղեստինա-իսրայելական հակամարտության ազդեցությունը նավթի շուկայի վրա

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ազդեցությունը նավթի շուկայի վրա

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ուշադիր հետևում է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրմանը և, թե ինչպես է դա ազդում նավթի շուկայի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Սրտաճմլիկ է տեսնել անմեղ խաղաղ բնակիչների սպանությունը: Մի տարածքից մյուսը իրականացվող հարձակումները պատասխան ռեակցիա են առաջացնում։ Ո՞վ է վճարում սրա համար․ անմեղ մարդիկ»,- նշել է նա Մարաքեշում կայացած մամուլի ասուլիսում։

Գեորգիևան ընդգծել է, որ ԱՄՀ-ն շատ ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը «տնտեսական ազդեցության տեսանկյունից», ինչպես նաև ընդհանուր առմամբ «դրա ազդեցությանը, հատկապես նավթի շուկաների վրա»։

«Դեռ վաղ է որևէ բան ասելը: Բայց մենք արդեն տեսել ենք նավթի գների աճ և անկում: Մենք տեսել ենք շուկայի որոշ արձագանքներ: Ակնհայտ է, որ նոր ամպը մթագնում է համաշխարհային տնտեսության հորիզոնը»,- եզրափակել է նա:

Նշենքք, որ Գեորգիևան մասնակցում է ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար մարմինների աշնանային նստաշրջանին։ 190 երկրներից մոտ 12 հազար մասնակիցներ, այդ թվում՝ նախարարներ, կենտրոնական բանկերի ղեկավարներ, խորհրդարանականներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ հավաքվել էին Մարաքեշում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի միջոցառմանը:

Նրանք քննարկում են համաշխարհային տնտեսության, աղքատության վերացման, կլիմայի փոփոխության, տնտեսական զարգացման և արդյունավետ նպատակային օգնության հասնելու հեռանկարները: ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նիստն Աֆրիկայում անցկացվում է կես դարում առաջին անգամ՝ 1973 թվականին այն կայացել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում