Պարեկային ծառայությունը կգործի ՀՀ ամբողջ տարածքում

Պարեկային ծառայությունը կգործի ՀՀ ամբողջ տարածքում

Հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում։ ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Մինչ այս պահը պարեկային ծառայությունը գործում էր Երևանում ու ՀՀ վեց մարզում, հիմա արդեն կընդգրկվեն նաև Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը»,- ասել է նա։

Այդ նպատակով ՀՀ–ն անհատույց գույք է ստացել Եվրամիությունից։

«Եվրամիությունից ակնկալում ենք ընդհանուր առմամբ 75 «Շկոդա» մակնիշի ամենագնաց, որից 51–ն արդեն ՀՀ–ում են, մնացած 24–ը երկրորդ փուլով կհանձնվեն ՀՀ–ին։ Այս բոլոր մեքենաները կծառայեն հենց վերջին 4 մարզում»,- նշել է Ղազարյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ 2023 թ. դեկտեմբերին Սևանա լճում կգործարկեն նաև ջրային պարեկային ծառայությունը։

«Հիմա մենք ունենք երկու մոտորանավակ, որը նվիրել է ՌԴ կառավարությունը, ևս երկուսը ձեռք կբերենք մրցույթով։ Եվս մեկ մոտորանավակ որպես նվեր կստանանք ԵՄ անդամ երկրներից մեկից, թե որ մեկից, մոտ օրերս կիմանաք, երբ կգա, տեղ կհասնի»,– հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը ընդգծել է, որ պարեկային ծառայության համար նաև ՀՀ կառավարությունն է մրցութային կարգով տրամադրել 65 «Շկոդա» մակնիշի մեքենաներ։

«Ես ասել եմ ու նորից կրկնում եմ` պարեկային ոստիկանությունը ոչ մի օգտագործած ու հին գույք չպետք է ունենա` սկսած զենքից»,– ասել է նա։

ՀՀ վարչապետի համոզմամբ` ՀՀ ոստիկանությունը, այդ թվում` հենց պարեկային ծառայությունը, այսօր մեր հանրության շրջանում ունի մեծ վստահություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում