ՀՀ նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը

ՀՀ նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրապարակված փաստաթղթից։

ՀՀ սահմանադրական դատարանը 2023 թ. մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

«Վահագն Խաչատուրյանը ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը», –նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացվել էր Հռոմի ստատուտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում