ԵԽԽՎ բանաձևը վերաբերում է ծանր հումանիտար հետևանքներին

ԵԽԽՎ բանաձևը վերաբերում է ծանր հումանիտար հետևանքներին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը և հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ։ Այս մասին Х-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նրա խոսքով` բանաձևում ներկայացնում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։

Վեհաժողովը պահանջում է, որ ԵԽ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս։

Հիշեցնենք, որ վեհաժողովում ընդգծվել էր, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։

Իր հերթին, ադրբեջանական պատվիրակությունը դատապարտել էր ԵԽԽՎ-ին, որն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։

Պատվիրակությունն այս բանաձևը և հանձնարարական փաստաթուղթն անվանել էր «ճշմարտությունից և փաստերից հեռու, որոնք կրկնում են հայկական քարոզչության հիմնական տարրերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում