Գազայում ջրի պակասը կյանքի ու մահվան հարց է դարձել. ՄԱԿ

Գազայում ջրի պակասը կյանքի ու մահվան հարց է դարձել. ՄԱԿ

Գազայում ջրի պակասն ավելի քան 2 մլն բնակչի համար կյանքի ու մահվան հարց է դարձել, անհրաժեշտ է անհապաղ վառելիք հասցնել այդ տարածք։ Այս մասին ասվում է Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործերով ՄԱԿ–ի գործակալության (UNRWA) հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և հակառակորդներին «կենդանիներ» էր անվանել։

«Ջրի պակասի պատճառով ամբողջ Գազայի հատվածում ավելի քան 2 մլն մարդ է վտանգի տակ գտնվում։ Դա կյանքի և մահվան հարց է դարձել։ Անհապաղ պետք է վառելիք հասցվի Գազա, որպեսզի 2 մլն մարդու ապահովվի ջրով», – փաստաթղթում մեջբերվում է UNRWA–ի գլխավոր կոմիսար Ֆիլիպ Լացարինիի խոսքերը։

Կազմակերպությունը նշում է, որ Գազայի հատվածում սպառվում է մաքուր ջուրը, ջրմուղ կայանն ու հանրային ջրամատակարարման ցանցերը դադարել են աշխատել: Մարդիկ ստիպված օգտագործում են հորերի կեղտոտ ջուրը, ինչն ավելացնում է ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների վտանգը։

«Մեզ անհրաժեշտ է անհապաղ վառելիք մատակարարել Գազա։ Վառելիքը մարդկանց անվտանգ խմելու ջրով ապահովելու միակ տարբերակն է։ Եթե դա չանենք, մարդիկ` այդ թվում փոքր երեխաները, ծերերն ու կանայք, կսկսեն մահանալ ջրազրկումից։ Ջուրն այժմ մնացած վերջին փրկօղակն է։ Կոչ եմ անում անհապաղ չեղարկել արգելքը մարդասիրական օգնության համար», – հավելել է Լացարինին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում