Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան. Ամերիկյան արտահոսքի բացահայտումը
Նմանատիպ
Վաշինգտոնի իշխող վերնախավի հետնաբեմից իր աղբյուրներին հղումով, նաև Արցախի և Հայաստանի ճշգրիտ տեղեկություններ հրապարակող Պոլիտիկոն ներկայացնում է նոր արտահոսքը։ Այս մասին հոդված է հրապարակվել Ոսկանապատում։
Politico-ի հրապարակումը
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթ օրենսդիրների փոքր խմբի նախազգուշացրել է՝ իր գլխավորած գերատեսչությունը հնարավոր է համարում, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք», – գրում է Politico-ն՝ նշելով, որ այս տեղեկությունը ներկայացնում է ըստ պետքարտուղարի հետ այդ խոսակցությանը ծանոթ երկու անձանց:
Այս ահազանգը, ըստ Politico-ի, ԱՄՆ վարչակազմի խորը մտահոգության ինդիկատորն է՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների և հակամարտության հնարավոր ընդլայնման վերաբերյալ։ Արցախը նշվում է իբր Ադրբեջանի արևմտյան շրջան։ Եվ հրապարակման հենց այս հատվածում պարբերականն ընթերցողին հիշեցնում է Հայաստանի հարավում միջանցք բացելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Եվ սպառնալիքը, որ եթե Երևանը ինքնակամ չանի դա, Բաքուն հարցն ուժով կլուծի։
Կոնգրեսականների դիմումը և պետքարտուղարի հետ շփումը
Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ Կոնգրեսը տարածեց հայտարարություն, որում նշված է, որ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խումբը՝ հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Թոնի Կարդենասին և Լլոյդ Դոգեթը, դիմել են պետքարտուղար Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերին։ Այս պաշտոնյան սեպտեմբերի 25-ին ժամանել էր Հայաստան ու մեկնել Գորիս։
Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի այս ներկայացուցիչներից պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու Ադրբեջանի ներխուժումը Հայաստան։ Դեռ հոկտեմբերի 4-ին այս հայտարարությունը աչք ծակեց, որովհետև դրանից առաջ ևս կոնգրեսականները բազմաթիվ անգամ դիմել են ԱՄՆ նախագահին ու պետքարտուղարին, բայց հիմնականում Ադրբեջանի իշխող պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով։ Հայաստանի տարածք Ալիևի ներխուժումը կանխելու մասին ահազանգն առաջին անգամ էր։
Եվ հիմա Politico-ն գրում է, որ կոնգրեսականներն ԱՄՆ վարչակազմին հորդորել են քայլեր անել Ալիևի դեմ՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին հարձակմանը։ Սրան ի պատասխան Բլինքենը նշել է, թե իր գերատեսչությունը ճանապարհներ է փնտրում Ադրբեջանին հաշվետու դարձնելու համար և չի նախատեսում երկարաձգել Ազատության ակտի կասեցումը (Ազատության ակտն արգելում է ռազմական օգնություն տրամադրել Բաքվին, սակայն ամերիկյան վարչակազմը 2002 թվականից շրջանցում էր այն։ Վերջին կասեցման վերջնաժամկետն ավարտվել է հունիսին և Վաշինգտոնը չի մեկնաբանել, թե ինչու չի թարմացնում այն)։ Ըստ Politico-ի հրապարակման իր խոսքի այս հատվածում է Բլինքենը նշել, որ պետքարտուղարությունը հավանականություն է տեսնում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կներխուժի Հայաստանի հարավ։
Պարբերականը հավելում է, որ պետքարտուղարի հետ այս զրույցին մասնակցել են Նենսի Փելոսին, Աննա Էշոյին և Ֆրենկ Փալոնը։ Եվ պարբերականն ընդգծում է՝ իր ևս երկու աղբյուր հաստատել են, որ այս խոսակցությունը եղել է, բայց մանրամասներ չեն ներկայացրել։
Զրույցից վերջին մանրամասնը, որ ներկայացնում է Politico-ն՝ չնայած հնարավոր ներխուժման մասին մտահոգություններին, պետքարտուղար Բլինքենը վստահությամբ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մասին։
Պետքարտուղարության արձագանքը արտահոսքին
Politico-ն այս հրապարակման մեջ արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի է վերածվում Հայաստանի հարավային մարզը՝ Սյունիքը։ «Լեռնային Ղարաբաղը կովկասյան երկու պետությունների միջև տարածքային միակ վեճը չէ։ Բաքուն առաջարկել է ուղի դեպի իր էքսկլավ Նախիջևան, որն անցնում է Հայաստանի հարավային Սյունիքի մարզի մեջտեղով։ Այս ուղին Ադրբեջանում անվանում են Զանգեզուրի միջանցք և այս ուղին հնարավորություն կտա շրջանցել Իրանի տարածքը: Ալիևն ասել է՝ «մենք բացելու ենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզի Հայաստանը դա, թե ոչ», – նշում է պարբերականը։
Սյունիքի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին հարցին պետքարտուղարությունն ուղիղ չի պատասխանել՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել Բլինքենի ու կոնգրեսականների զրույցի մասին։ Միայն ընդգծել են Վաշինգտոնի հավատարմությունը՝ «Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», ինչպես նաև կոնֆլիկտը «ուղիղ բանակցություններով» լուծելուն։
Ֆրենկ Փալոնի գրառումը
Հոկտեմբերի 12-ին Ֆրենկ Փալոնը, որն ըստ Politico-ի, մասնակցել է պետքարտուղարի հետ խոսակցութանը, X-ի իր միկրոբլոգում գրել է.«Ալիևի նպատակը հարավային Հայաստանը վերցնել է։ Նրա ռեժիմը ավելի համարձակ է դարձել, երբ Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց հետո աննշան հետևանքներ է կրել։ Ես պետդեպարտամենտին հորդորել եմ կոնկրետ քայլեր անել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ պատժամիջոցներ»։
Հայաստանի դեսպանի և Նիկոլ Փաշինյանի հակասությունը
Ադրբեջանի հնարավոր ներխուժման մասին հոկտեմբերի 9-ին ահազանգել էր նաև Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։ Brussels Signal պարբերականին տված հարցազրույցում նա նշել էր. «Մենք այժմ Հայաստանի վրա հարձակման անմիջական սպառնալիքի տակ ենք, որովհետև եթե հավաքական Արևմուտքը կոնկրետ քայլերով չարձագանքի Ալիևին, ապա նա պատճառ չունի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։ Եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն, ապա հարձակումը շաբաթների հարց է»։
Այս ամենին հակառակ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի իր հարցազրույցում հայտարարեց, որ նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ։ «Սա, ըստ էության, էսկալացիայի շատ ցածր, գրեթե զրոյական մակարդակ է։ Այս պահին մենք սահմանին որևէ զորքերի կուտակում չունենք ո՛չ մեր կողմից, ո՛չ Ադրբեջանի կողմից, և այս պահին սահմանին որևէ լարվածություն չկա։ Բայց մյուս կողմից ժամանակակից աշխարհում զորքերի տեղաշարժը կարող է տեղի ունենալ մի քանի ժամվա, օրերի ընթացքում»։
Նույն հարցազրույցում անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարություններին՝ Փաշինյանն ասել էր. «Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այստեղ նրբություն կա, որովհետև շատ կարևոր է, թե տերմինաբանությունն ինչպես է ընկալվում, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունում, նաև հանրությունը լայնորեն այդ տերմինաբանությունն ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ և արտատարածքային միջանցքի պահանջ»:
Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 9-ին այդ երկրի կառավարության նիստից հետո բառացի հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասով խոսք է տվել։ «Հայաստանի կառավարությունից սպասում ենք, որ առաջիկայում որդեգրեն խաղաղությանը, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։ Նորից ուզում եմ կրկնել, որ եթե այդպես լինի, և Հայաստանը կատարի իր տված խոսքը, բոլորից առաջ այն մեկը, որը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, պատրաստ ենք Հայաստանի իշխանությունների հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները», – հայտարարել էր Էրդողանը։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում