Իսրայելից ՀՀ քաղաքացիներին կտեղափոխեն Հայաստան
Նմանատիպ
Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով` 9։36 ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախնական տվյալներով՝ Երևանի ժամանակով 13:00-ին «Հայկական ավիաուղիների» օդանավը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,- նշել են քաղավիացիայի կոմիտեում։
Ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից կազմակերպվել է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով մեր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների ՀՀ կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։
Ինչպես հայտնում է արտգործնախարարությունը, չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նաև, այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում