Շահումով խաղերի մասին օրենքում լրացումներ են կատարվում

Շահումով խաղերի մասին օրենքում լրացումներ են կատարվում

Շահումով խաղերի խաղադրույքների ծավալի մեջ կա վիճակագրական խնդիր, որը բացառելու համար ՀՀ–ում կներդրվի օպերատորի գաղափարը։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարությունն է արել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ըստ նրա` խաղադրույքների մեջ կրկնակի հաշվարկների խնդիր կա, ավելին` խաղացողի ստացած բոնուսները ևս հաշվվում են որպես խաղադրույք։

«Ոլորտի ամբողջական թափանցիկությունը խնդիր է, իսկ ծրագրային աուդիտը բավականին թանկ է, սակայն դրա փոխարեն այլ լուծում մենք ունենք։ ՊԵԿ–ի և ֆիննախի հետ համատեղ օպերատորի գաղափարն ենք առաջարկում։ Ցանկացած ինտերնետ շահումով խաղ լինելու է օպերատորի սերվերի վրա, ու պետությունն այդպիսով տեսնելու է խաղադրույք անելու փաստը։ Դրանից հետո հույս ունենք, որ վիճակագրական խնդիր այլևս չի առաջանա»,- նշել է փոխնախարարը։

Հանձնաժողովի նիստում քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրացված և փոփոխված տարբերակը 2–րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ավագ Ավետիսյանի խոսքով` ՀՀ ՊԵԿ–ը եռամսյակը կամ կիսամյակը մեկ ստուգումներ անում է, սակայն առցանց անընդհատ ստուգումն ուղղակի անհնարին է։

Փոխնախարարը ներկայացրել է վիճակագրական տվյալներ ևս, ըստ որոնց, երեք տարվա կտրվածքով երևում է շահումով խաղերի գրեթե կրկնակի, եռակի աճը։

«2020 թ. միայն խաղադրույքների մասով այդ թիվը կազմել է 2 տրլ դրամ, 2021 թ.` 3.9 տրլ, 2022 թ.` 5.8 տրլ։ 2023 թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն ակնկալում ենք, որ մեր կողմից օրենսդրական կոնկրետ սահմանափակումների շնորհիվ արդեն իսկ ունենք ցուցանիշի նվազում»,– ասել է Ավանեսյանը։

Ըստ նրա` այս ոլորտի համաշխարհային աճը շատ ավելի ցածր է եղել, քան ՀՀ–ում արձանագրված ցուցանիշը։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է շահումով խաղերի ոլորտը կարգավորող և սահմանափակումներ առաջարկող նոր մեխանիզմներ։

Ի դեպ, օրենսդրական այս փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թ. ապրիլի 1–ից։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ–ն հուլիսին առաջին ընթերցմամբ ընդունել էր «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր ոչ միայն անկանխիկ դարձնել շահումով խաղերի մասնակցությունը, այլև նույնականացնել խաղացողի բանկային քարտն ու խաղային հաշվեկշիռը։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նոր լրացում է կատարվել, ըստ որ, խաղեր կազմակերպողը խաղացողի բանկային հաշիվը կարող է ստուգել` հարցում անելով համապատասխան բանկին։ Բացի այդ, սահմանվել է, որ շահումով խաղերի կարգավորումները չեն տարածվում ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց և օտարերկրյա հաշիվների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում