Կիբեռհանցագործների թիրախում են հայտնվել արցախահայերը
Նմանատիպ
Կիբեռհանցագործների թիրախում են հայտնվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը` բարեգործական հիմնադրամների անվան ներքո գործի է դրվել քողարկված հանցավոր նոր մեխանիզմ։ Սա ենթադրում է ֆիշինգային կեղծ հղում, որտեղ լրացվում են բանկային քարտի բոլոր տվյալները, արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
«Նշված հանցավոր մեխանիզմը տարածված է սոցիալական ցանցերում և առավել հաճախ գովազդի տեսքով հանդիպում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ առաջարկվում է անցել գովազդում նշված հղումով և լրացնել բանկային քարտի տվյալները՝ ներառյալ բանկային քարտի հակառակ կողմում առկա ՍՎՎ կոդը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հորդորում է սոցիալական ցանցերում լինել առավել զգոն, խուսափել կեղծ բարեգործական հիմնադրամներից առաջարկվող ֆինանսական աջակցություններից, հատկապես երբ հիշյալ իբր աջակցությունը ենթադրում է նաև բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունների տրամադրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում