Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են ընթանում

Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են ընթանում

Այս գիշերը Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է NTV-ն։

Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան մասին լուրերից հետո տարբեր քաղաքներում հազարավոր թուրք բնակիչներ գնացել են Իսրայելի դեսպանատան և հյուպատոսությունների մոտ։

Ստամբուլում ցուցարարները պահանջում էին բացել հումանիտար միջանցքները դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր տեղադրել այնտեղ պաղեստինցիներին օգնելու համար։

Ցուցարարներն անգամ կրակել են Իսրայելի դեսպանատան շենքի վրա և փորձել գրոհել այն։

Ամբոխին շենքից հեռացնելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Սոցցանցերում հայտնվել են ցուցարարների և ոստիկանների բազմաթիվ բախումների կադրեր։

Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է Իսրայելի դեսպանատունը, ամբողջությամբ փակել են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները շենքի գրավումը կանխելու համար։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իզմիրում և Ադանայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ, որտեղ տեղակայված է ամերիկյան Ինջիրլիք ավիաբազան։

Նշենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայված Ahli Arab հիվանդանոցի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածի հետևանքով ավելի քան 500 մարդ է մահացել։ Պաղեստինում եռօրյա սուգ է հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում