Հեզբոլլահը հոկտեմբերի 18-ը հայտարարել է Իսրայելի դեմ «ցասման օր»
Նմանատիպ
Լիբանանյան շիական Հեզբոլլահ շարժումը հոկտեմբերի 18-ը հայտարարել է «ցասման օր»՝ ի նշան բողոքի Գազայի հիվանդանոցի վրա հարձակման դեմ, որի մեղավորը շարժումը համարում է Իսրայելին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։
Նրա խոսքով՝ Հեզբոլլահն ամբողջ աշխարհում իր կողմնակիցներին կոչ է արել հակաիսրայելական ցույցեր կազմակերպել։ Ավելի վաղ նմանատիպ գործողությունների կոչ էր արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Նա հորդորել էր պաղեստինցիներին, հատկապես Հորդանան գետի արևմտյան ափում և Երուսաղեմում բնակվողներին, ի նշան բողոքի դուրս գալ փողոց։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նաև պահանջել է, որ Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Արաբական պետությունների լիգան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտեն Իսրայելի գործողությունները։
Բեյրութում ԱՄՆ դեսպանատան մոտ ցուցարարներից մեկը՝ Մոհամմեդ Շուքեյրը, ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ չորեքշաբթի օրը Բեյրութում ԵՄ բոլոր դեսպանատների մոտ զայրույթի ցույցեր կանցկացվեն։
«Արևմուտքը պետք է հասկանա, որ արաբ ժողովուրդը աջակցում է պաղեստինցիներին և նրանց պայքարին իրենց օրինական իրավունքների համար,- ասել է նա,- Իսրայելի օկուպացիան պետք է մեկընդմիշտ ավարտվի»:
Հիշեցնենք, որ այս գիշերը Թուրքիայում լայնածավալ հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջում էին բացել հումանիտար միջանցքները դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր տեղադրել այնտեղ պաղեստինցիներին օգնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում