Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիան
Նմանատիպ
Հոկտեմբերի 17-ին Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայում «Ալ Ահլի Ալ Արաբ» հիվանդանոցին, որում այդ պահին մեծ թվով մարդիկ են եղել՝ վիրավորներ և ապաստանած բնակիչներ: Al Arabiya հեռուստակայանի փոխանցմամբ՝ իսրայելական հզոր հարվածից զոհվածների թիվը գերազանցել է 800-ը:
Ռմբակոծությունից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել՝ ասելով հետևյալը. «Կանանց, երեխաներին և անմեղ քաղաքացիներին բուժող հիվանդանոցի վրա հարձակումը իսրայելական հարձակման վերջին օրինակն է, որը զուրկ է մարդկային ամենահիմնական արժեքներից: Ես կոչ եմ անում ողջ մարդկությանը գործել՝ դադարեցնելու այս աննախադեպ դաժանությունը Գազայի հատվածում»:
Թուրքիայի Նախագահ Էրդողանի՝ հիվանդանոցին հասցված ռմբակոծման մեջ Իսրայելին մեղադրող հայտարարությունից հետո Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Թուրքիան։
«Իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան»,- ասվում է իսրայելական կողմի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հիվանդանոցի ռմբակոծությունից հետո Թուրքիայի քաղաքացիները սոցիալական ցանցերում կոչ են արել վտարել Իսրայելի դեսպանին երկրից, ինչպես նաև գրում էին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով դեպի հյուպատոսարան երթով գնալու անհրաժեշտության մասին։ Իսկ հետո, տարբեր քաղաքներում հազարավոր թուրք բնակիչներ դուրս են եկել Իսրայելի հյուպատոսությունների մոտ։ Ստամբուլում ցուցարարները պահանջում էին բացել հումանիտար միջանցքները դեպի Գազա և նույնիսկ թուրքական զորքեր տեղադրել այնտեղ պաղեստինցիներին օգնելու համար։ Ցուցարարներն անգամ կրակել են Իսրայելի հյուպատոսության շենքի վրա և փորձել գրոհել այն։
Նշենք նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել էր այն պնդումները, թե իսրայելցի զինվորականներն են պատասխանատու Գազայի հիվանդանոցի վրա հարձակման համար։ Նրա խոսքով՝ հարյուրավոր կյանքեր խլած պայթյունն «ՀԱՄԱՍ»-ի ձեռքի գործն է։ Իսկ ահա Թուրքիայում արդեն հավաքվել է փորձագետների խումբ, որոնք ուսումնասիրում են պայթունը և, նույնիսկ, արել են հայտարարություններ, ըստ որոնց, Իսրայելի պաշտպանության բանակը միտումնավոր ռմբակոծել է հիվանդանոցը, որտեղ թթվածնի բալոններ էին պահվում, և, հետևաբար, հավանականությունը մեծ էր, որ ավելի շատ մարդիկ կմահանային հարվածի հետևանքներից, քան բուն հարվածից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում