Արցախի ժողովրդի ցեղասպանությունից հետո նշաձողի՝ վերացումը անթույլատրելի է. Արտակ Բեգլարյան
Նմանատիպ
Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի իր ֆեյսբուքյան օգտահաշվում գրառում էր կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը և սեպտեմբերի 19-ից ի վեր նրա մի շարք հայտարարություններ՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում»։
Նա հավելել է, որ Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նշաձողի ոչ թե հերթական իջեցումը, այլ՝ վերացումը խիստ անընդունելի ու անթույլատրելի է, քանի որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը ոչ թե վերացրել է խնդիրը, այլ՝ ավելի ցցուն է դարձրել այն:
«Այս իրավիճակը ՀՀ իշխանություններին և միջազգային դերակատարներին պարզապես պարտավորեցնում է վերանայել իրենց ձախողված մոտեցումները և բարձրացնել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխավորման նշաձողը, որտեղ գլխավոր նպատակները պետք է լինեն Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, այնտեղ անվտանգ կերպով ապրելու միջազգային բարձր երաշխիքներ և արժանապատիվ կերպով ապրելու համար անհրաժեշտ ինքնակառավարման բարձր մակարդակ: Այս հայեցակարգային մոտեցմանը կանդրադառնամ առանձին հրապարակումով»,-շարունակել է նախկին պաշտոնյան։
«Թող որևէ մեկը չկարծի, թե Արցախի ժողովրդի կարիքները զուտ հումանիտար բնույթի են և դրանք լուծելով կարող են համարել էջը փակված: Ո՛չ, Արցախի ժողովրդի գլխավոր կարիքն ու նպատակն իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կերպով ապրելն է, իսկ հումանիտար կարիքները առաջացել են այդ հիմնական կարիքի բավարարման հարցում ամբողջական ձախողման հետևանքով»,-եզրափակել է Բեգլարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում