ԵՄ-ն ֆինանսապես կօգնի ուժեղացնելու ՀՀ առողջապահական համակարգը
Նմանատիպ
ՀՀ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնել համակարգի պատրաստվածությունը: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն անդրադրաձել է նաև Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքներին: «Ուժեղացնել Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով»,– ասել է Ավանեսյանը:
Դեսպանն իր հերթին ասել է, որ քննարկման փուլում են ՀՀ–ԵՄ գործողությունների պլանով նախատեսվող զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում: Հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև ընթացիկ բարեփոխումներին: