«Adobe»-ի տնօրենին շնորհվել է Հայաստանի պետական մրցանակ

«Adobe»-ի տնօրենին շնորհվել է Հայաստանի պետական մրցանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները քննարկել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ «Adobe»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նարայենը ՀՀ վարչապետի կողմից արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:

Փաշինյանը ավելացրել է, որ Հայաստանում կա ՏՏ ոլորտի զարգացման որոշակի դինամիկա: Ըստ նրա` ՀՀ–ում ոլորտը մոտավորապես երկնիշ աճ է գրանցում. 2022 թ. տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:

Նարայենը նշել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

«Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա ՀՀ վարչապետի հետ: Նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար»,– ասել է նա:

Նարայենի խոսքով` «Adobe»-ը հպարտանում է, որ ՀՀ–ում ունի գիտահետազոտական ներկայություն: Երեկ ընկերությունը բացել է իր նոր շենքը, ինչը, ըստ նրա, վկայում է, որ «Adobe»-ը հավատարիմ է Հայաստանի ժողովրդին և պատրաստ է շարունակել ընդլայնել իր ներկայությունն այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում