Ռուսական հեռուստաընկերությունները Հայաստանում կզրկվե՞ն եթերից
Նմանատիպ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը խուսափել է պատասխանել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների եթերից զրկելու հնարավորության մասին հարցին՝ ասելով, որ որոշում չի կայացվել։ Այս մասին հայտնում է ԱՌԿԱ-Տելեկոմ հեռահաղորդակցության պորտալը։
Լրագրողները, մասնավորապես, հիշեցրել են, որ ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախկինում հայտնաբերել էր հանրապետության տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների խախտումներ, մասնավորապես՝ Առաջին հեռուստաալիքի և «Россия 24» հեռուստաընկերության կողմից։ Նրանք նաև հարցրել են՝ հնարավո՞ր է, որ ռուսական այս հեռուստաալիքները եթերազրկվեն։
«Եկեք մեզանից առաջ չընկնենք, եթե նորություն լինի, կհայտնենք, բոլոր հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են, այս պահին կոնկրետ որոշումներ չկան, քննարկումների ժամանակ էլ չկա»,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է Խաչատրյանը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իր ուշադրության կենտրոնում են Ռուսաստանի պետական հեռարձակողների թույլ տված խախտումները։
«Այս պայմանագիրը կնքվել է նախարարության հետ։ Մենք ծանոթ ենք դրա բոլոր կետերին և համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- նշել է նախարարը։
Նա, սակայն, չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը՝ նշելով միայն, որ համաձայնագիրը խախտումների դեպքում նախատեսում է համապատասխան միջոցների ընդունում։
Խաչատրյանը, սակայն, չի մեկնաբանել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հայտարարությունները ռուսական հեռուստաալիքների կողմից Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են ռուսական հեռուստաալիքները փակելու հարցը։ Ըստ նրա՝ սա պետական անվտանգության խնդիր է, քանի որ ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը դարձել է «հակահայկական»։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասել է, որ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կառավարությանը ներկայացրել է «իրավական հիմքեր», որոնք թույլ են տալիս չեղյալ համարել Առաջին ալիքի և «Ռոսիա-1»-ի մուլտիպլեքսային հեռարձակման մասին միջկառավարական պայմանագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում