Որքա՞ն է Թուրքիան մեծացրել իր ռազմական բյուջեն. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Որքա՞ն է Թուրքիան մեծացրել իր ռազմական բյուջեն. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Թուրքիայի ռազմական ծախսերը 2024 թվականին կգերազանցեն 40 մլրդ դոլարը

Թուրքիայի ծախսերը պաշտպանության և անվտանգության կարիքների համար 2024 թվականին կկազմեն 40,5 միլիարդ դոլար՝ համեմատած ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված 16 միլիարդ դոլարի հետ։ Այս մասին հետևում է հանրապետության հաջորդ տարվա բյուջեի նախագծից, որը փոխանցվել է խորհրդարանի քննարկմանը։Նշվում է, որ Թուրքիայի ռազմական ծախսերի աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 250 տոկոս։ Բյուջեի նախագծով նախատեսվում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանման գրեթե կրկնակի աճ՝ ընթացիկ տարվա  6 մլրդ դոլարից աճելով մինչև  11 մլրդ դոլար։

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը,  Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և  Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարները:

ՌԴ-ն և Թուրքիան կապի մեջ են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ. Լավրով

Փհենյանում մամուլի ասուլիսի ժամանակ ռուս նախարարին խնդրեցին մեկնաբանել Թուրքիայի նախաձեռնությունը՝ խաղաղ կարգավորման նպատակով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու վերաբերյալ։

«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Այս նախաձեռնությունը, որը ես լսել եմ օրերս մեր թուրք ընկերներից, որոնց հետ մենք կապի մեջ ենք և այս հարցի շուրջ, հստակորեն թելադրված է դեէսկալացիայի հասնելու և իրավիճակը կարգավորելու ցանկությամբ»,- ասել է Լավրովը։

Պաղեստինա-իսրայելական առճակատումը կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության. ՌԴ

Վտանգը, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կվերաճի համատարածաշրջանային հակամարտության, բավականին բարձր է, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով` Մոսկվան ամեն ինչ Իրանի վրա բարդելու «բավական սադրիչ փորձեր» է տեսնում։  «Իրանի ղեկավարությունը բավական պատասխանատու, հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում և կոչ է անում թույլ չտալ, որ այդ հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանի և հարակից երկրների վրա»,-նշել է Լավրովը:

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ–ից․ Փաշինյան

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ ՀՀ–ից արդեն դուրս է եկել։ Այսօր  ՀՀ կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ուզում հետևություններ անել. միգուցե նրանցից շատերը գնում են իրենց բարեկամների մոտ։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին` որպես առաջնային պլան մնալ ՀՀ–ում, ՀՀ–ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»,– կոչ է արել նա։

Արցախում ԿԽՄԿ-ին է մոտեցել մի տղամարդ, ով տեղյակ չի եղել, որ բոլորը լքել են շրջանը

ԿԽՄԿ թիմերն այցելել են ԼՂ–ում մնացած հայերին՝ ռազմական գործողություններին հաջորդած բռնագաղթից հետո մարդկանց օգնություն ցույցաբերելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գրասենյակը։

ԿԽՄԿ-ի հաղորդմամբ, հեռավոր լեռնային գյուղից մի տղամարդ է մոտեցել թիմին, ով ապրել է իր 92-ամյա հոր հետ: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ է լքել շրջանը, քանի որ մի քանի շաբաթ հոսանքազրկված է եղել, հեռուստացույց կամ ռադիո չի ունեցել:

Երևանում քննարկվել է ԱՊՀ երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը

Երևանում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀԱՊԿ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87-րդ նիստում քննարկվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների սահմանային գերատեսչությունների պատվիրակությունները, Համագործակցության իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների աշխատանքային կառույցների ղեկավարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում