Հնարավոր է՝ Հնդկաստանը ներգրավվի Գյումրու «չոր նավահանգիստ» ծրագրում
Նմանատիպ
Հնարավոր է` ՀՀ–ն և Հնդկաստանը համագործակցեն Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ԻԻՀ–ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանն այս հարցը քննարկել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։
«Քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմին ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում