ԼՂ վերադարձի համար անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ․ ՀՀ ԱԳՆ

ԼՂ վերադարձի համար անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանը խաթարեց ագրեսիայի կիրառմամբ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նա շեշտել է` տեղի ունեցած ագրեսիան որևէ կերպ ու որևէ կողմից չպետք է ու չի կարող արդարացվել։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե մի քանի հազար հայ որոշի վերադառնալ Արցախ, արդյոք դա հայկական կողմի համար ձեռնտու կլինի, թե օտարների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է` «Ակնհայտ է, որ հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ են անհրաժեշտ, որովհետև հարց կա` մարդիկ ինչու լքեցին իրենց տները, իրենց հայրենիքը։ Լքեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում և, ըստ էության, ԼՂ–ում էթնիկ զտում տեղի ունեցավ»,- ասել է Կոստանյանը։

Նա շեշտել է, որ հայերի վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, այլև ընդհանրապես միջազգային հանրության և, մասնավորապես, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի պարտականությունների մեջ պետք է լինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում