ՀՀ-ում Կանադայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նմանատիպ
ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրները այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Դեսպանին ներկայացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Էնդրյու Թըրները գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում