Ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «ամենահարավային» հատվածի շինպայմանագիրը
Նմանատիպ
«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի «ամենահարավային» հատվածի շինարարությունը շուտով կմեկնարկի. ստորագրվել է Հայաստան-Իրան սահմանից դեպի Քաջարան ընկած հատվածի պայմանագիրը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը։
««Հյուսիս–հարավի» համար այսօր շատ կարևոր օր է։ Կարծես թե վերջապես ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկ ենք տալիս` Հայաստան-Իրան սահմանից դեպի Քաջարան հատվածի պայմանագիրն ենք ստորագրել։ Ճանապարհի շինարարությունն իրականացնելու են իրանական 2 ընկերություն։ Մոտ 32 կմ ճանապարհ է, 214 մլն դոլար է կազմում պայմանագիրը։ Շինարարությունը պետք է իրականացվի 3 տարի ժամկետում»,- նշել է Ավետիսյանը։
Նա ընդգծել է, որ լինելու է նաև Քաջարանի թունել, որն առանձին նախագիծ է և այժմ փաստաթղթեր են նախապատրաստվում մրցույթ հայտարարելու համար։
Հիմնադրամի տնօրենը նաև մանրամասնել է, որ ճանապարհն ունենալու է 3 հիմնական երթևեկելի գոտի և լինելու է առաջին կարգի պարամետրերին համապատասխան ճանապարհ։
Անդրադառնալով «Հյուսիս–հարավ» ճանապարհի մյուս հատվածներին` Ավետիսյանը շեշտել է` առաջիկայում բոլոր հատվածներում փոփոխություններ լինելու են, բայց քանի որ այս պահին որոշակի քաղաքական խնդիրներ կան, ինքն ավելին չի ցանկանում ասել։
Նա միայն նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է Սիսիանից Արտաշատ հատվածի նախագծումը նույնպես ավարտել, որպեսզի հնարավոր լինի հարավային ամբողջ հատվածի վերջնաժամկետի մասին խոսել։ Ներկա պահին քննարկումներ են ընթանում դոնորների հետ` ամբողջական նախագիծն ունենալու համար։ Ինչ վերաբերում է Սիսիան–Քաջարան ճանապարհին, ապա այժմ այդ մասով որոշ տեխնիկական խնդիրներ կան։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում