Իրանի և Հայաստանի միջև նոր սահմանային կամրջի և դպրոցաշինության մասին

Իրանի և Հայաստանի միջև նոր սահմանային կամրջի և դպրոցաշինության մասին

Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ-իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։

«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և քննարկումները կսկսենք այդ կամրջի շինարարության համար»,- ասել է նա։

Բազրփաշն ընդգծել է, որ դա կարող է իր նպաստը բերել հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ իրանական կողմի ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերում։

«Ցանկացած հայկական ընկերություն, որ պատրաստ կլինի Իրանում բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված լինել, մենք մեծ սիրով պատրաստ ենք աջակցել նրանց»,- հավելել է նա։

Իրանը նախատեսում է բնակարանաշինության և դպրոցաշինության ոլորտի իր հարուստ փորձը Հայաստանում ներդնելու համար համատեղ կոմիտե ստեղծել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ շեշտելլ է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել ենք Հայաստանում բնակարանաշինությանն ու դպրոցաշինությանն առնչվող հարցեր։ Այս ոլորտում հարուստ փորձ ունենք, լավ ընկերություններ և, մենք ցանկանում ենք, մասնավորապես, դպրոցաշինության ոլորտում մեր ներդրումն ունենալ»,– նշել է Սաֆարին։

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրենց համար շատ կարևոր նշանակություն ունի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում