Հունվարի 1-ից կգործեն գովազդային նոր ստանդարտներ․ Ավինյան
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարականի նիստում՝ մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին զեկույցի ժամանակ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ։
Միաժամանակ ներկայացրել է այն աշխատաքնները, որ տարվում են գովազդային նոր ստանդարտներ հաստատելու ուղղությամբ։
«Շատ կարևոր է, որ այս գործընթացը վերաբերվի ոչ միայն նոր գովազդներ տեղադրող տնտեսվարողներին, այլ նաև հին գովազդներ ունեցող տնտեսվարողներին։ Փաստացի ստացվում է, որ այս կարճ ժամկետում որոշակի դիսբալանս կարող է ունենաք, բայց դա մինչև հունվարի 1-ը պետք է փոխվի։ Բոլոր այն տնտեսվարողները, որոնք նախկինում ունեին գովազդի թույլտվություն, պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վերջինս հորդորել է բոլոր տնտեսվարողներին տեղեկացնել սկսված գործընթացի մասին։
«Քաղաքը գովազդային աղբից պետք է ազատվի, այս տարվա վերջում պետք է ամփոփած լինենք այս ռեֆորմի առաջին մեծ փուլը։ Քաղաքի տեսքը էականորեն կփոխվի այս գործընթացից։ Այստեղ կարևոր է, որ վարչական շրջանները ևս ինտենսիվ միացած լինեն այս գործին։ Տնտեսվարողները հունվարի 1-ից պետք է տեղեկացված լինեն, որ ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտներ, հետո իրարից նեղանալ չլինի»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում