Հայ կինոյի Նահապետը․ Սոս Սարգսյան
Նմանատիպ
«Մարդը պետք է ծնվի տեղին ու ժամանակին,
ու գոյությունը նրա պետք է անհրաժեշտ լինի
և պետք է ունենա նշանակություն»:
Սոս Սարգսյան
Սոս Արտաշեսի Սարգսյան՝ թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայրենի ճակատագրով ապրող անհատ։
Լոռին հայ ժողովրդին է տվել հանճարեղ գործիչներ։ Դրանցից մեկն էլ Սոս Սարգսյանն է։ Նա ծնվել և մեծացել է Ստեփանավանում։
Այսօր կլրանար Սոս Սարգսյանի 94-ամյակը։ Այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ դերասան և արտասովոր մարդ Սոս Սարգսյան մասին։
1․ Թատրոնը հոգում
Սոս Սարգսյանը մանկուց առանձնանում էր իր տարեկիցներից. 10 տարեկանում, երբ դեռ երբեք թատրոն չէր տեսել, պիես է գրել և բակի երեխաների հետ տան նկուղում ներկայացում բեմադրել։
Սա իր առաջին քայլերն էին, որոնք փաստում են՝ թատրոնը միշտ էլ վարպետի հոգում էր։
2․ Ճակատագրով՝ դերասան
Մինչև Երևան տեղափոխվելն աշխատել է Ստեփանավանի շրջանային թատրոնում: Երբ ուզել է դուրս գալ թատրոնից, ղեկավարը դիմումը չի ստորագրել:
Այդ գիշեր դերասանին երազում մի տղամարդ է այցելել և ասել՝ «Դեռ դուրս մի արի, ես կգամ քեզ կտանեմ Երևան»: Օրեր անց թանտրոն է այցելել Արվեստի վարչության թատերական բաժնի վարիչը, որն էլ հետագայում նրան հրավիրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելու:
3․ Հայ կինոյի Նահապետը
Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Գիքոր», «Սոլյարիս» և այլն:
Ասում են՝ «Գիքորի» նկարահանման ժամանակ Սոս Սարգսյանը պնդել է, որ Գիքորի հերոսը պետք է Դսեղից լինի։ Նա ինքն է ընտրել դերակատար Ալբերտ Ղուլինյանին՝ խորը, պարզ, անկեղծ աչքերով տղային։ Նրան հենց սկզբից էր հավանել։
«Նահապետ» ֆիլմը ճակատագրական էր դերասանի համար։ Պրեմիերայից հետո նրան սկսեցին անվանել Հայ կինոյի Նահապետ։
4․ Համակարգչից «նեղացածը»
Սոս Սարգսյանը նաև մոտ 1 տասնյակ երկերի հեղինակ է։ Կինը՝ Նելլին, հետաքրքիր մի փաստ է պատմում նրա «Լակոտը» նորավեպի մասին։
Արդեն տպագրական մեքենաներով չէին աշխատում, վարպետն էլ համակարգչով գրեց «Լակոտը», հետո մոռացավ պահպանել գրածը․ ամբողջը կորավ։ Որքան էլ փորձեցին վերականգնել աշխատանքը, չստացվեց։
Սոս Սարգսյանը, համակարգչից նեղացած, նստեց, հիշողությամբ նորից գրեց։
Դրանից հետո այլևս համակարգչով չաշխատեց։ Գրում էր միայն թղթի վրա՝ մատիտով ու գրիչով։
5․ Զենքի կոլեկցիոները
Սոս Սարգսյանը կենցաղի նկատմամբ անտարբեր էր: Անգամ հագուստ գնելու համար խանութ չէր գնում: Կինն էր մի քանի անգամ տանում-բերում կոստյումները, մինչև ընտրում էր իրեն հարմարը: Սիրելի զբաղմունքի համար ժամանակ, իհարկե, գտնում էր:
Զենքի սիրահար էր: Շատերն էին նրան զենք նվիրում, ինքն էլ էր սիրում նվիրել, հատկապես՝ սրեր:
Նա համոզմունք ուներ, որ զենքը երբեք չպետք է աշխատի. ո՛չ ձկնորսություն, ո՛չ որս, ոչ մի դեպքում։
6․ Հայրենիքի նվիրյալը
«Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը՝ ամենաբութը, կրկնում ենք հավիտյան․ աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում, աղերսելով․․․»։
Այսպես է մեկնաբանել վարպետը հայրենիքում տիրող իրավիճակը։
1989-91թթ․ նա եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1990-ական սեպտեմբերին հայազգի քաղաքական մի քանի գործիչներ հացադուլ հայտարարեցին՝ ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռելով ղարաբաղյան հարցի ուղղությամբ։ 1990 թվականի սեպտեմբերի 14-ին հացադուլ հայտարարեց նաև Սոս Սարգսյանը։
1991թ. նա մասնակցել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահական ընտրություններին` որպես նախագահի թեկնածու, առաջադրվել Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից:
7․ Աշխարհին՝ ամեն ինչ
Սոս Սարգսյանը դեմ էր տուն-թանգարան ունենալուն, ասում էր՝ դերասանի հիշատակը նրա դերերն ու ներկայացումներն են։ «Դու պիտի թողնես աշխարհին այն ամենը, ինչ բերել ես քեզ հետ»,- ասում էր վարպետը։
1991 թվականին հիմնադրել էր ու ղեկավարում էր Համազգային թատրոնը։
Տուն-թանգարան ունենալու փոխարեն երազում էր թատրոնի շենք ունենալ, չհասցրեց իր երազանքն իրականացած տեսնել։
8․ «Արգելված» դիմանկարները
Չէր սիրում, երբ իր անձի շուրջը չափազանց շատ աժիոտաժ էր լինում։ Անգամ իր դիմանկարները թույլ չէր տալիս կախել տանը։ Ասում էր՝ անհնար է ամեն օր ես ինձ տեսնեմ։
Նույն կերպ անհարմար էր համարում տուն-թանգարան ունենալը։
9․ Շախմատ մինչև կյանքի վերջին րոպեն
Վարպետը շատ սիրում էր շախմատ: Առավել ևս, որ չէր կարողանում տանից դուրս գալ, գիշեր-ցերեկ շախմատ էր խաղում: Մի շախմատը մեքենայի մեջ էր, մյուսը՝ ամառանոցում, երրորդը՝ տանը:
Կնոջ հետ Ջերմուկում էին, որտեղ շախմատի աշխարհի առաջնությունն էր ընթանում: Ուշադիր հետևում էր խաղերին, և մի օր Լևոն Արոնյանի հետ է շախմատ խաղում։ Խաղը սկսելուց առաջ Արոնյանին ասում է՝ խայտառակ չանես ինձ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի։
Ինքը մահացավ ժամը 9-ն անց 20, իսկ ժամը 9-ին ընկերներից մեկի հետ շախմատ էր խաղում: Ասաց՝ «Լյուդվի՛գ ջան, էսօր գլուխս լավ չի աշխատում, արի վերջացնենք, կարող է առաջին անգամ պարտվեմ քեզ»:
10․ Իբրև վերջաբան
Հայ կինոյի Նահապետը կյանքից հեռացավ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից։ Արտիստներին ընդունված է ծափահարություններով ճանապարհել։ Սոս Սարգսյանին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից Կոմիտասի անվան պանթեոն։
Ու մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ։
Այսօր Սոս Սարգսյանի անունը ծանոթ է բոլորին, քանի որ այն, ինչ իր հետ աշխարհ բերեց, նվիրեց մարդկանց։
ԱՌԼԻՆԱ Սարգսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում