Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա հանձնել ՌԴ դեսպանին. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա հանձնել ՌԴ դեսպանին. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ

2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: 

Պետդեպը «ողջունել է» «3+3» ձևաչափով հանդիպումը

ԱՄՆ–ն ողջունում է ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, և կամ ով է վարում դրանք։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝մեկնաբանելով Իրանում «3+3» ձևաչափով հանդիպումը։

«Միևնույն ժամանակ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, սակայն վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում»,- ​​ասաց նա։

Հարձակում է տեղի ունեցել ամերիկյան երեք ռազմաբազաների վրա

Երեկ գիշեր Սիրիայում և Իրաքում իրանամետ խմբավորումները գրեթե միաժամանակ անօդաչու սարքերով հարձակվել են երեք ամերիկյան ռազմաբազաների վրա։ Հարձակվել են Ալ-Թանֆի, Ալ-Շադադիի և Ալ-Օմարի օբյեկտների վրա:

Վնասի չափը մնում է անհայտ։ Համացանցում տարածված լուսանկարները վերաբերում են նախորդ տարիներին, որոշ դեպքերում անգամ Սիրիայի հետ որևէ կապ չունեն։

Ֆրանսիան հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար

Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներկպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ X-ի միկրոբլոգում այս մասին գրել է Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն։

«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը»,– հավելել է նա։

Լըկորնյուն թվարկել է այն ծրագրերն ու ուղղությունները, որոնց շուրջ կողմերը սկսել են կամ սկսելու են համագործակցել։

Պետդուման անժամկետ հետաձգել է հայկական վարորդական իրավունքի ճանաչումը

Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը։ 

Հարցի քննարկման ընթացքում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է․ «Փաստորեն, այս օրինագծով առաջարկվում է Հայաստանին լրացուցիչ արտոնություններ տալ, այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրագրման համար»։

Պապիկյանը Ֆրանսիայի Սենատում է եղել

Հոկտեմբերի 24-ին՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ է ունեցել Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերանի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է համագործակցության ներկայիս ընթացքը և այս այցի շրջանակներում ունեցած քննարկումների արդյունքները:

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում. Ամիրբեյով

«3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան,Ռուսաստան, Իրան, Թուրքիա) երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։ Այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը։

«Ըստ էության, այս հարթակը երբեք նախատեսված չի եղել որպես որևէ կոնֆլիկտային իրավիճակների լուծման հարթակ, ի սկզբանե նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային համագործակցություն հաստատելը… Եվ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես կիսում են այն տեսակետը, որ եկել է ժամանակը օգտվելու այս հնարավորությունից և ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, բայց դա այն չէ, ինչ արվելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակում, դա արվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ-ի ղեկավարներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարարին Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Տեսակցությունները անցել են ըստ մեր ստանդարտ ընթացակարգերի, և հանդիպումների ժամանակ նաև հնարավորություն է տրվել բոլորին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ»,- նշել են կարմիր խաչի գրասենյակից։

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և տարածաշրջանում ստեղծված աղետը։ Այս մասին հայտնել է Էրդողանի գրասենյակը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման զարգացումները»,- ասվում է զեկույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում