ՀՀ նախագահը ԵԽ պատգամավորների հետ քննարկել է ԼՂ-ին վերաբերող հարցեր

ՀՀ նախագահը ԵԽ պատգամավորների հետ քննարկել է ԼՂ-ին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով Բրյուսելում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Այցի շրջանակներում նախագահը ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին վերաբերող հարցեր:

Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Զրույցի ընթացքում նախագահն ընդգծել է, որ Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է շրջանի բոլոր երկրների շահերից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։

Ինչպես նաև, Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ:

Նրանց հետ քննարկվել է Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում