Ադրբեջանի զորքերը «ոչնչացրել են» «Իսկանդերը» և «Տոչկա-Ու» համակարգերը
Նմանատիպ
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 23-ին մեկնարկած համատեղ զորավարժությունների ընթացքում փորձարկել են արագ հարձակողական գործողությունների տարբեր սցենարներ: Երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունների տարածած հաղորդագրության համաձայն` «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» համատեղ զորավարժությունների երկրորդ օրը դաշնակից երկրների բանակային ստորաբաժանումները, անվտանգ անցումներ բացելով ականապատ տարածքներում, գրավել են պայմանական հակառակորդի պաշտպանական գիծը և նրա թիկունքում դեսանտային ուժ իջեցրել:
Զորավարժությունների երկրորդ օրը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացրել՝ շփման գծին մոտենալու և պայմանական հակառակորդի տարածքի ուղղությամբ առաջխաղանցում գրանցելու համար։
Պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ ռադիոմիջամտությունների կիրառմամբ գործողություններ են իրականացվել՝ կանխելու հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործմանը խոչընդոտող քայլերը և ապահովելու ուղղաթիռների և ինքնաթիռների մարտական թռիչքների անվտանգությունը։
Նշենք, որ Բաքվում, Նախիջևանում և Արցախի օկուպացված տարածքներում անցկացվող զորավարժություններին, ընդհանուր առմամբ, ներգրավված է երկու երկրների տարբեր զորատեսակներից 3000 զինվորական, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային միջոց, ավելի քան 20 ավիացիոն և անօդաչու միջոցներ, ինժեներական տեխնիկա: Դատելով վարժանքների սցենարից, դրանք հարձակողական բնույթ ունեն։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում «Իսկանդերի» և «Տոչկա-Ու»-ի ոչնչացմանն ուղղված գործողություններին, քանի որ Ռուսաստանից բացի, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը զինված է նշված համակարգերով։ Հետևաբար, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կարելի է դիտարկել որպես քողարկված ուղերձ Հայաստանին։
Բացի այդ, նույն լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից գետերի վրայով շարժական կամուրջների օպերատիվ կառուցման ուսուցումը կարելի է համարել ուղերձ, որն ուղղված է նաև Իրանին:
Հիշեցնենք, որ երբ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան, Իրանի Իսլամական Հանրապետությունը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին,որի ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները փորձեցին Արազ գետի վրայով շարժական կամուրջներ դնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում