ՀՀ ՆԳՆ-ը հրահանգել է արցախցի վարորդներին չտուգանել
Նմանատիպ
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պարեկային ծառայությանը հրահանգել է արցախցի վարորդների նկատմամբ լինել մեղմ և վարչական արձանագրություններ չկազմել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳ նախարարը՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ։
Ղազարյանը նշել է, որ պարեկները պետք է բավարարվեն միայն նախազգուշացմամբ։ Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 21-ից սկսած մեկամսյա ժամկետին։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչների տրանսպորտային միջոցների վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վիճակագրական տվյալներ մենք չունենք, բայց ունենք և՛ գույքային, և՛ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր»,– ասաց նախարարը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին` կարող են առավել մեղմ լինել արցախցի վարորդների նկատմամբ և դիտարկել կիրառված տուգանքների չեղարկումը, կամ այլ լուծում գտնել։
Ղազարյանի խոսքով` նշված մեկամսյա ժամկետում կչեղարկվեն նաև տեսանկարահանող սարքերով արձանագրված խախտումները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը խնդրել էր ՀՀ կառավարությանը չեղարկել արցախցիների՝ տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները՝ պատճառաբանելով, որ արցախցի վարորդները դեռևս ադապտացիայի շրջանում են և ծանոթ չեն ՀՀ ճանապարհատրանսպորտային օրենքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում